Սերժ Սարգսյանի ելույթ գրողները չե՞ն համագործակցում. ՀՀԿ նախագահը հերթական անգամ բանից անտեղյակ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը. տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը…. Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»:

Սրանք Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 26-ին կուսակցության 16-րդ համագումարին հնչեցրած խոսքերն են: Սակայն, ինչպես միշտ, Սերժ Սարգսյանի խոսքն ու իրականությունն իրար հետ որեւէ աղերս չունեն: Բանն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2017-ին Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ վերցնել: Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:

Այս իրավիճակը երկու բացատրություն ունի. կա՛մ Սերժ Սարգսյանը նախապես չի ծանոթանում իր համար գրված վարդագույն ելույթների տեքստերին, կա՛մ ելույթ գրողներն են շատ հեռու իրականությունից եւ նախորդ «ելույթագիրների» հետ չեն համագործակցում: Բոլոր դեպքերում պատկերը տխուր է: Իսկ ո՞վ էր ասում, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս