Ոչ թե ԱԺ-ի, այլ արժանապատվության ընտրություն. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հաղթելու որեւէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։ Ինչպես ամեն անգամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ եւս իշխանությունը սկսել է այս հռետորաբանությամբ հայտարարությունները։ Դրանք միայն կամ ամենեւին քարոզչական հայտարարություններ չեն։

Դրանք իշխանության հոգեվիճակ, ինքնավստահությունը արտահայտող հայտարարություններ են։ Ժամանակի ընթացքում իրականությունից կտրվածության հետեւանքով բթացած պատրանքի հետեւանք հայտարարություններ են։ Ու այդպիսին լինելով՝ ինքնախոստովանական հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու, այլ կայանալու է ընտրական ակտ, որն ընդամենը տեխնիկապես արձանագրելու է իշխանության՝ իշխելու իրավունքը։

 Դա ընտրական իրավունքի ու ժողովրդին՝ իշխանության պատկանելու սահմանադրական իրավունքի հետ կապ չունեցող իրավունք է։ Որովհետեւ երկրում, որի տնտեսական ծանր վիճակի մասին հայտարարությունները զբաղեցնում են վարչապետի խոսքի առյուծի բաժինը, երկրում, որտեղ աղքատության իրական մակարդակն աճում է ամեն օրվա հետ, ու երկրում, ուր կյանքը ոչ թե վայելում են, այլ քարշ տալիս, ահա այդ եւ բազմաթիվ այդպիսի բնորոշումներ ունեցող երկրում իշխանության հաղթանակի մասին մտածելու համար պետք է խնդիրներ ունենալ իրականության ընկալման ու բարոյականության հետ։

Այո, Հայաստանում ընդդիմությունը թույլ է, գուցե առավել, քան երբեւէ, ընդդիմադիր ուժերը բզկտված են, ռեսուրսներ չունեն, չի երեւում նրանց իրական միավորման ու բեւեռացման հնարավորությունը։ Բայց դա ամենեւին չի նշանակում իշխանության մեխանիկական հաղթանակ։

Որովհետեւ իշխանությանն ընդդիմադիր են ոչ թե առանձին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, այլ հասարակության, անկուսակցական մարդկանց մեծամասնությունը։

Պարզապես ընդդիմության թուլացած վիճակն այդ տրամադրություններն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն չի տալիս, բայց այդ հնարավորությունը կարող է առաջանալ մինչեւ ընտրությունները մնացած  ժամանակահատվածի ամեն օրվա հետ։ Իշխանության անբեկանելի հաղթանակի մասին այս օրերին հնչող հայտարարությունները, քաղաքական հայտարարություններ լինելուց բացի, հայ ժողովրդին ուղղված մեծաագույն վիրավորանք են, քանի որ այդպիսով հայ հասարակությունը ներկայացվում է՝ որպես աշխարհի ամենամազոխիստ մարդկանց հավաքականություն, ինչը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բժշկական ախտորոշում։

Այսինքն՝ այդ հայտարարություններն իրականում համազգային խայտառակություն են, որն իշխանությունը ցանկանում է իրականություն դարձնել ընդամենը մի քանի ամիս անց։ Եվ ուրեմն՝ 2017 թվականի ապրիլին Հայաստանի քաղաքացիները կանգնելու են այդ երկընտրանքի առաջ՝ համապատասխանել մազոխիստական հասարակություն լինելու մասին ախտորոշմանը, կամ ապացուցել, որ այլ ախտորոշումների կարիք ունեն հասարակության մասին այդպես մտածողները։

Ընդդիմության հետ կամ առանց ընդդիմության»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս