Ադրբեջանին հանձնվելու մտադրություն ունեցող նախկին սպան Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն հրապարակումներ էին անում, իբր հայ սպա, 36-ամյա Նորայր Մինասյանը դիմել է անցած տարի Ադրբեջանից ապաստան խնդրած անհայտ ծագումով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին՝ իրեն այնտեղ տեղափոխելու խնդրանքով: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ Նորայր Մինասյանը ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջանի Վարդաբաց գյուղից է: Նա արդեն երկու տարի է` Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում:

Քիչ առաջ ArmLur.am-ին Նորայր Մինասյանի հայրը՝ Ժորա Մինասյանը, հայտնեց, որ իր որդին վերադարձել է Հայաստան, սակայն իրենք դեռեւս չեն հանդիպել: Թե կոնկրետ որտեղ եւ ում հետ է Նորայր Մինասյանը, հայրը դժվարացավ հայտնել`նշելով, որ ավելի ուշ կկարողանա մանրամասներ ներկայացնել:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ  Մինասյանի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասել էր, որ ճիշտ է՝ ֆինանսական խնդիրներ են ունեցել, չմարած վարկեր, սակայն ամուսինը իրեն չի կարող թույլ տալ Ադրբեջան գնալ: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու համար՝ ով է Մինասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ զինվորական ակադեմիայի շրջանավարտ Նորայր Մինասյանը դատապարտվել է երկու անգամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեղադրանքով: Վերջին դատվածությունը 2014 թվականին էր: Մինասյանն իր մեղքն ընդունել եւ զղջացել էր:

Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մինասյանը պարզաբանմամբ է հանդես եկել եւ հայտարարել, որ այս ամենը Վահան Մարտիրոսյանի վրեժխնդրության արդյունքն է, իրենք նախկինում տարաձայնություններ են ունեցել, մտադրություն չունի հանձնվել թշնամի երկրին:

 

Լիդա Եղիազարյան




Լրահոս