«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ն ԷԼ Է ՍՊԱՍՈՒՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք բանակցում են ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան` Մարտիրոսյանը նշեց. «Ով ինչ ուզում, ասում է, ես ընկնեմ, մեկնաբանեմ՝ ում ստեղծագործական երեւակայությունն ինչ է տալի՞ս»: Ասել է, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն այս պահին երեւակայական են որակվում պաշտոնապես:

 

 

 

Ամսեամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաեւ պետական ծախսերը` թերեւս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով, իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի նվազմամբ:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841: Թերեւս այս աճը կշարունակվի, որովհետեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է օպտիմալացման գործընթացը. կրճատվում են պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը: Նախօրեին հայտարարվեց 5 ԾԻԳ-երի կրճատման մասին: Եվ այս ֆոնին տարակուսանքի տեղիք է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բարձրագոչ հայտարարությունը` ՀՀ քաղաքացիների բարեկեցության խոստումների վերաբերյալ:

 

 

 
ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը: «Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո՛, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ…: Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու ռեյտինգայինով, որոշումը թող մնա իմ մեջ»:

 

 

 
ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՎ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Սերժ Սարգսյանին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների, անելիքների եւ ձեռքբերումների մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը նախ նշել է օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշումը, որի համաձայն ՀՀ-ը 2018թ. կստանձնի միջազգային այդ կազմակերպության նախագահությունը: Նաեւ հիշատակվել է գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւերից մեկում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրման մասին: Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել եկող շաբաթ տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:
Պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալով՝ այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե պատերազմի շեմին կանգնած ՀՀ-ի, այլ վատագույն դեպքում՝ արեւելաեվրոպական որեւէ երկրի մասին է: Մի կողմ թողնելով այն, որ Հայաստանի ԱԳ նախարարն իր ժամանակի եւ պետական ռեսուրսների մի զգալի մասը վատնում է ամենատարբեր էկզոտիկ երկրներում շրջայցեր կատարելու եւ կղզի-պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վրա, մի կողմ թողնելով այն, որ նույն Ֆրանկոֆոնիայի նշանակությունը մշտապես գերագնահատող Նալբանդյանն անգամ ապրիլյան պատերազմի օրերին էր մասնակցում այդ կազմակերպության կողմից իրականացվող ինչ-որ մշակութային միջոցառման, փոխանակ բոլոր հնարավոր ամբիոններից բարձրաձայներ Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների եւ պարտավորությունների խախտման մասին, հիմա էլ, փաստորեն, այս ամենը երկրի նախագահի հետ հանդիպմանն է փորձ արվում ներկայացնել որպես ՀՀ ԱԳՆ ձեռքբերում:
Մինչդեռ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում անցած մեկ տարվա ընթացքում այնքան բացթողումներ կան, որ ձեռքբերումների մասին առհասարակ պիտի որ խոսք չգնար: Փոխարենը Նալբանդյանը պիտի որ զեկուցեր, թե ինչ քայլեր են իրականացվել առկա ահռելի մարտահրավերները եթե ոչ չեզոքացնելու, ապա գոնե դրանց բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ: Ի վերջո, իրեն «զանգ կախող» եւ ոչ թե ճառ ասող համարող ՀՀ ԱԳ նախարարը լավ կաներ՝ զեկուցեր ոչ թե ինչ-որ դեկլարատիվ եւ առանձնապես քաղաքական կշիռ չունեցող բանաձեւերի մասին, այլ ներկայացներ այն ռազմավարությունն ու կոնկրետ քայլերը, որոնք այս օրերին իրականացվում են ՀՀ ԱԳՆ կողմից՝ ի պատասխան ադրբեջանական նոր ագրեսիայի, որի արդյունքում նախօրեին կրկին հայ զինծառայողներ վիրավորվեցին:




Լրահոս