Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Ձերբակալման ժամանակ նա աշխատելիս է եղել նույն քրեակատարողական հիմնարկում:
Ըստ ՀՔԾ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը դատապարտյալներին:
Այս երեւույթի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ:
-Պարո՛ն Քրմոյան, ծանոթացե՞լ եք ՀՔԾ-ի կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին, եւ այն էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալներին մարմնավաճառների տեսակցություն կազմակերպելու քրեական գործին:
-Չեմ կարող ծանոթ չլինել, եւ մենք կողմնակից ենք, որ բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունենում քրեակատարողական հիմնարկներում եւ որոնք պարունակում են հանցակազմի տարրեր, պատշաճ քննության ենթարկվեն եւ պատշաճ արձագանք ստանան: Կարծում եմ, որ նպատակահարմար չէ այս փուլում խոսել՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, բայց բոլոր դեպքերը պետք է բացահայտվեն:
-Փորձը ցույց է տվել՝ ճաղերի հետեւում հայտնվում են «մանր ձկները»: Արդյո՞ք «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը, առանց իր ղեկավարների համաձայնության, կարող էր մարմնավաճառների տեսակցությունը ապահովել դատապարտյալների համար:
-Կարծում եմ, որ քննությունը պետք է բացահայտի, ցանկացած պաշտոնատար անձ միայնակ հնարավորություն կունենա, եթե այդ պահին օրենսդրությամբ ներքին կանոնակարգով վերահսկողության մեխանիզմները չկա: Բայց կարծում եմ, որ այս փուլում նպատակահարմար չէ, քանզի քննությունը ընթանում է թափանցիկ, բացեիբաց, ես նույնիսկ որպես անձ կողմնակից եմ, որ բոլոր տեսակի քննության արդյունքները բացահայտվեն բացառապես արդեն դատարանի վճռից հետո, բայց քանի որ համապատասխան մարմինները հարմար են գտել այդ տեղեկությունները բացահայտել քննության ընթացքում, դա նշանակում է, որ քննությանը չի խանգարում: Ճիշտ չէ դատել՝ միայնակ է արել, միայնակ չի արել, եւ արդյոք տվյալ անձը մեղավոր է, մեղավոր չի: Ի վերջո, անմեղության կանխավարկած կա, եւ պետք չէ, որ հասարակական կարծիքը ճնշող գործիք լինի վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ: Որպես արդարադատության նախարարություն, կողմ ենք օրենքի գերակայությանը, պատժի անխուսափելիությանը, օրենքի առաջ բոլորի հավասարությանը: Այս փուլում խնդիրը արդեն իսկ արդարադատության նախարարության իրավասությունից դուրս է, վարույթ իրականացնող մարմինները կբացահայտեն դեպքը, այնուհետեւ մենք հետեւություններ կանենք եւ անհրաժեշտության դեպքում գործողություններ կանենք, երբ կունենանք համապատասխան դատավճիռ:
-ՀՔԾ-ն պարզել է, որ պաշտոնատար անձինք դատապարտյալների մոտ մարմնավաճառների տեսակցություն են ապահովել, սա արդեն բավարար էր, որ նախարարությունը լուրջ քայլեր իրականացներ: Ի՞նչ եք արել:
-Նախ ասեմ, որ ցանկացած խնդիր, որ բարձրացվում է քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով նախարարի հսկողության տակ է, վերահսկողական ծառայության հսկողության տակ է, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության ղեկավարի վերահսկողության տակ է:
-Կոնկրետ ի՞նչ է արվել:
-Կատարվում են կոնկրետ քայլեր՝ մասնավորապես վիճակը շտկելու, եթե տվյալ անձին ձերբակալել են, ուրեմն փոխարինող անձ է նշանակվում, հսկողությունն է ուժեղացվում, անհրաժեշտության դեպքում օրենսդրություն է ուսումնասիրվում, թե որտեղ կարող է բաց լինել, բայց դեպքը մինչեւ վերջնական չբացահայտվի, մենք վերջնական գործողություններ չենք կարող անել: Ներկայումս արդարադատության նախարարը, ՔԿՀ ծառայության պետը տեղյակ են, համապատասխան կադրային եւ հսկողության ուժեղացման աշխատանքները կատարել են, սպասում են արդյունքներին:
-Կատարվածում նախարարության անգործության տարրեր չե՞ք տեսնում:
-Գիտեք ինչ, արդարադատության նախարարությունը երբեւիցե իր պատասխանատվությունից չի խուսափել ցանկացած հարցում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԱՄԵՆԱՈՒՆԵՎՈՐ» ՊԱՇՏՈՆՅԱՆ
Այն, որ մեր երկրի գլխավոր դրամատուն հանդիսացող Կենտրոնական բանկում աշխատելը բավականին եկամտաբեր է եւ շահեկան, նորություն չէ: ԿԲ-ում անգամ «շարքային» աշխատողների միջին աշխատավարձն է նկատելիորեն բարձր մյուս գերատեսչություններում տրվող վարձատրությունից: «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ փորձել է ԿԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերից պարզել, թե ով է Հայաստանի գլխավոր դրամատան ամենաունեւոր եւ համեմատաբար «ամենաչունեւոր» պաշտոնյան:
Այսպիսով՝ ԿԲ ամենաունեւոր պաշտոնյան, ինչպես եւ սպասելի էր, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Վերջինս 2008թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, իսկ 2014թ. հունիսի 12-ից վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Ջավադյանի՝ 2015 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 121 մլն դրամ, 525 հազար դոլար եւ 151 հազար եվրո: Տվյալ տարվա եկամուտը եղել է ավելի քան 45 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների` վարկերի դիմաց ստացված տոկոսից եւ շահաբաժնից:
Համեմատ գործընկերների՝ «համեստ» խնայողություններ ունի ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2010 թ. փետրվարի 26-ին, ապա՝ 2014 թ. օգոստոսի 30-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով: Մկրտչյանի` 2014 թվականին պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս պաշտոնյան ունի անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, նաեւ BMW 318 մակնիշի ավտոմեքենա: Մկրտչյանի փոխառությունները` վարկերը, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21 մլն 905 հազար դրամ եւ 12 մլն դրամ: Այս պաշտոնյայի «հետ գցած» գումարը պաշտոնը ստանձնելիս կազմել է 33 մլն 905 հազար դրամ, իսկ եկամտի չափը` ավելի քան 16 մլն դրամ: 2014 թվականի դրությամբ այսքանը կբավականացներ, որ Մկրտչյանը չհամարվեր ամենաքիչ ունեցվածքն ունեցող պաշտոնյան: Սակայն 2015 թվականին նրա հայտարարագրած տվյալները լրիվ այլ պատկեր են ներկայացնում: 2015 թվականին Մկրտչյանը հայտարարագրել է MAZDA 6 2.5 L ավտոմեքենա, որը ձեռք է բերել 14 մլն 500 հազար դրամով, Մկրտչյանի փոխառության գումարը (չափը) հարկային տարվա վերջում կազմել է ավելի քան 32 մլն դրամ եւ 12 մլն դրամ: 2015 թվականի դրությամբ Մկրտչյանին հաջողվել է հետ գցել ընդամենը 150 հազար դրամ: Հետ գցած գումարը քիչ է, բայց եկամտի չափը «սփոփիչ»` ավելի քան 30 մլն դրամ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» ԹԱԼԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀԿԲ-Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայբիզնեսբանկի»: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերության սնանկության գործերով կառավարիչը ներկայացրել է աճուրդը եւ դրա հիման վրա կատարված գործարքը անվավեր ճանաչելու պահանջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերյոժա Հարությունյանը պարզաբանեց, որ արդեն իսկ սնանկ ճանաչված ընկերության գույքն իրացրել է «Հայբիզնեսբանկը»: Այդ իսկ պատճառով իրենք դիմել են դատարան` ընդդեմ բանկի: «Պետական պարտավորություններ կան պետությանը, որոնք պետք է վերադարձվեն: Ուստի դիմել ենք դատարան, որպեսզի գույքը իրացրած ընկերությունը անվավեր ճանաչի գործարքը»: Ստացվում է, որ «Հայբիզնեսբանկ»-ն ամբողջությամբ իրացրել է ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության գույքը, եւ այժմ «ՀԿԲ-Էլեկտրոն»-ը ստիպված է դատական կարգով հետ վերցնել ունեցվածքը, որպեսզի կարողանա պետության պարտքերը մարել: Ինչպես մի առիթով ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թալանը «պոզով-պոչով» հո չի լինում: Բանկը «թալանել է» «մահացած» ընկերությանը:
ՆՈՐ ՎԿԱ
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում նոյեմբերի 18-ին 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառը, այն է` հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասության հետ: ՔԿ փոխանցմամբ` որոշում է կայացվել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար: Հիշեցնենք՝ ծննդկանի հարազատները կատարվածում մեղադրում են ԲԿ ծննդատան բաժանմունքի վարիչի պաշտոնակատար, մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ հերթապահ բժիշկ Արսեն Բալայանին` նշելով, որ վերջիններիս անուշադրության եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով է Հ. Նազլուխանյանը մահացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը, հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունն իրենց դեռեւս չի տրամադրվել, դրանից հետո պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ:
Հ. Ղուկասյանի խոսքով՝ իրենք վկա ունեն, թե ինչպես են բուժաշխատողները կնոջը արյան մեջ շաղախված ծածկոցով տեղափոխում այլ բաժանմունք. «Ես հիմա չեմ կարող ասել այդ վկայի անունը, սակայն նա պատրաստ է հասնել մինչեւ դատարան եւ հաստատել, որ պատգարակը վերելակ չի մտել, եւ բուժաշխատողները կնոջս ադյալով քարշ տալով տեղափոխել են: Եթե նրանք գոնե հավաքարարին կանգնեցնեին կնոջս մոտ, նա չէր զանգի ու ասի, որ մենակ է, արնաքամ է լինում: Մինչեւ հիմա արյան մեջ կորած հեռախոսը փաթեթավորված է, գործի մեջ են ներառելու: Քննությունը կանեն, կիմանան՝ կինս երբ է զանգել մեզ, ինչ վիճակով: Թող մեղավորները պատժվեն. նրանց առաջարկած փողերը մեզ պետք չեն»: Դե, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պնդում է, որ մահացած ծննդկանների հարցով զբաղվում է «մորգը»: