Տարիներ շարունակ Հայաստանի իշխանական համակարգի ներկայացուցիչներն իրենց «վարդագույն» խոստումներով փորձել են հանրությանը վստահեցնել, որ Հայաստանի քաղաքացու կյանքը տարեցտարի բարելավվելու է, եւ յուրաքանչյուր տարի լինելու է բեկումնային փոփոխություններով լեցուն: Տակավին օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ՀՀ բնակչության բարեկեցությունն աճել է: Իհարկե, նմանատիպ հայտարարությունները որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում, անգամ իրենք՝ ՀՀԿ-ականները: Բավական է նշել միայն, որ իշխող ՀՀԿ-ի «պահած» երկրում գործազրկության ցուցանիշը ամսեամիս բարձրանում է: Դրա մասին են վկայում նաեւ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Իսկ թե ինչպես կարող է մի երկրի բնակչության բարեկեցությունն աճել, եթե այդ երկրում գործազրկության ցուցանիշն աճում է, հայտնի է բացառապես Սերժ Սարգսյանին:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով, այսինքն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 841 մարդ:
Ենթադրվում է, որ այս աճը կշարունակվի: Դրան, ի թիվս տնտեսական մտահոգիչ իրողությունների, կնպաստի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը՝ կրճատել պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը:
Ինչպես նախօրեին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանը` ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում մինչ օրս կառավարության որոշումներով լուծարվել են 5 ԾԻԳ-եր: Կարեն Կարապետյանը առաջարկեց նաեւ քննարկել ու կիսով չափ նվազեցնել ԾԻԳ-երի քանակը, իսկ դրանց պահպանման ծախսերը կրճատել մեկ երրորդով, ասել է, թե սկսում է օպտիմալացման երկրորդ փուլը. «Մենք նախնական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստորաբաժանումները, բաժինները պետք է վերանան: ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները նույնպես պետք է օպտիմալացվեն: Առաջարկում եմ երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը»:
Իսկ թե ի՞նչ պետք է լինի այդ կառույցներում աշխատող անձանց ճակատագիրը, որեւէ պաշտոնյա դեռ չի պարզաբանել: Խոսվում է միայն կրճատումների եւ դրանց միջոցով գումարներ խնայելու մասին: Մինչդեռ ակնհայտ է, որ շարունակական ընթացք ունեցող այս կրճատումները հաջորդ ամիսներին դրսեւորվելու են գործազրկության ցուցանիշների հերթական աճի տեսքով:
Եվ այս իրավիճակում պատահական չէ արձանագրվող գնանկումը: Մասնագետների պնդմամբ՝ դա ոչ թե ողջունելի եւ դրական միտում է, այլ հակառակը՝ փաստում է բնակչության գնողունակության անկման եւ սպառման ծավալների նվազման մասին:
Հիմա ավելի մանրամասն: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների նվազմամբ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.1% հավելաճ: Ծառայությունների ոլորտում հավելաճը հիմնականում պայմանավորվել է մշակույթի` 10.5 տոկոս, կենցաղային բնույթի` 4.6 տոկոս, բնակարանային-կոմունալ` 3.3 տոկոս, բուժսպասարկման` 4 տոկոս, կրթության համակարգի` 2.7 տոկոս, հանրային սննդի` 5.3 տոկոս, իրավական եւ բանկային` 4.3 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով: Նշնք, որ գնաճ արձանագրվել է միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Դա էլ, մասամբ, սեզոնային բնույթ է կրում:
Ամփոփելով՝ նկատենք, որ գործազրկության ցուցանիշների աճի ֆոնին բնակչության բարեկեցության բարձրացման մասին պնդումները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ խիստ վտանգավոր են, քանզի խոսում են մի բանի մասին. իշխանությունները համառորեն չեն ցանկանում տեսնել այն տխուր իրավիճակը, որում իրենց պաշտոնավարման արդյունքում հայտնվել է երկիրը: Փոքրիկ հույս ներշնչեց Կարեն Կարապետյանի անկեղծացումը տնտեսության չափազանց ծանր վիճակի մասին: Սակայն նորանշանակ վարչապետի անցած երկու ամիսների գործունեությունն այս առումով առայժմ տեսանելի արդյունք չի նշմարում, փոխարենը սպասվելիք կրճատումների բացասական էֆեկտը միանգամայն կանխատեսելի է: Ի վերջո, սա այն դեպքն է, երբ նպատակը արդարացնում է միջոցները սկզբունքը, մեղմ ասած, վիճահարույց է:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԵՐԿՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազել են նաեւ հրուշակեղենի արտադրության ծավալները՝ 2.2 տոկոսով, ինչը, ըստ մասնագետների, սպառողների գնողունակության արդյունք է: Իսկ ահա ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը նրանք պնդում են, որ պատրաստի ալյուրի ներկրումն է: Բանն այն է, որ մեր տեղական գործարարները նախընտրում են պատրաստի ալյուրը կամ հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել հայ ֆերմերներից: Ահա թե ինչպես է գահավիժում մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը:
ԻՋԱՎ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Այսօր` ժամը 17:00-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կպատասխանի սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով: Միջոցառումը կհեռարձակվի առցանց` www.agbu.am հղումով: Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետեւ վարչապետը կպատասխանի հարցերին:
ՄԻ «ՓՐԿԻՉ» ԷԼ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Հայաստանի քաղաքական թատերաբեմում եւս մեկ կուսակցություն է հայտնվում` «Արդարություն եւ բարգավաճում»: Այս կուսակցությունը դեկտեմբերի 10-ին «Դաբլթրի բայ հիլթն Երեւան սիթի սենթր» հյուրանոցի դահլիճում պատրաստվում է անցկացնել իր հիմնադիր համագումարը: «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ստեղծվել է ՀՀ զարգացման ու բարգավաճման գործում մասնակցություն ունենալու, պետության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով: Թե որքանով կհաջողվի բարգավաճ դարձնել մեր երկիրը, ցույց կտա ժամանակը:
ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ն կրկին հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2009 թվականին ընկերության անունով Հայաստան են ներմուծվել ճոպանուղու մասեր, որոնք սահմանված ժամկետում են վերաարտահանվել, եւ արդյունքում խախտվել է հետադարձ վերաարտահանման պարտավորությունը: Պետական եկամուտների կոմիտեն որոշել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը տուգանել մեկ միլիոն դրամով: Ուշագրավն այն է, որ ներմուծումը եղել է 2009թ., սակայն ՊԵԿ այս տուգանքի որոշումը կայացվել է 2016թ. նոյեմբերի 30-ին:
ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՂԱԾ
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դրամահավաք է հայտարարել քաղաքական նոր կուսակցության համար: «Մենք ցանկանում ենք ի սկզբանե պետության հետ կառուցել ազնիվ հարաբերություններ ու հայտարարում ենք «Նոր ուժերի շարժման» համար միջոցների հանգանակության մեկնարկի եւ Ուկրաինան գերտերություն դարձնելու մեր հավակնոտ պլանների իրականացման մասին: Ցանկացողները կարող են միանալ», – Ֆեյսբուքում գրել է Վրաստանի նախկին նախագահը: Հիշեցնենք, որ լքելով Օդեսայի նահանգապետի պաշտոնը՝ Սահակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին, որը, նրա խոսքով, պայքարելու է իշխանափոխության հասնելու համար:
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ հավանություն է ստացել «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության նախագիծը: Պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարությունը մշակվել է Հայաստանի անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաեւ ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաեւ, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, եւ դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ կազմակերպել տեղական արտադրություններ:
ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը հաջորդ տարի կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Տուսկը, ով Լեհաստանի նախկին վարչապետն էր, լեհական TVN24 հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները անցած տարիներին աջակցել են իրեն Ռուսաստանի ռազմական ագրեսիային պատժամիջոցներով պատասխանելու հարցում, եւ կարծիք է հայտնել, որ հունվարին դրանք հերթական անգամ կերկարաձգվեն 6 ամիս ժամկետով: Եվրոպական խորհրդի նախագահը միեւնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքը կարող է դժվարացնել հետագայում պատժամիջոցների երկարաձգումը:
ՆՈՐ ԽԱՉԻԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Վերջին տարիներին նա ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ԿՓՐԿՎԻ
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 83,5 միլիոն դրամ է հատկացրել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնելու, ամրակայելու ու «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ժամանակավորապես Գյումրու դրամատիկական թատրոն տեղափոխելու համար։