ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ «ՊՍԻԽՈ՞» ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծին, ասաց, որ կուսակցությունների ֆինանսավորումը ամենալուրջ խնդիրն է:

-Պարո՛ն Սահակյան, կուսակցությունների ներսում անհանգստություն կա՝ կապված այն բանի հետ, որ ղեկավար մարմնի ընտրությունը պարզ մեծամասնությամբ է լինելու: Ի՞նչ վտանգ եք տեսնում այս կարգի մեջ:
-Պարզ մեծամասնությունը կարծես թե բոլոր տեղերում ամրագրված է: Եթե դու կուսակցությունների ներսում չունես այդ մեծամասնության վստահությունը, չես կարող ղեկավար մարմին ձեւավորել: Մենք փորձում ենք կուսակցությունների մասին օրենքով պետության կամ պետական որեւէ մարմնի միջամտությունը նվազեցնել: Ընդհանուր դրույթները սահմանվում են այս օրեքով, իսկ մյուս բոլոր հարցերը կկարգավորվեն կուսակցությունների համապատասխան կանոնադրություններով: Օրինակ՝ 100 համահիմնադիրների առկայության դեպքում կարող ես հիմնադրել, որոշում կայացնել, ստեղծել կուսակցություն: Դա նախկինում մի փոքր ավելի բարդ ընթացակարգ էր: Մարզերում պետք է ունենայիր, ենթադրենք, տարածքային կառույցներ եւ այլն, իսկ հիմա դա նվազեցվել է: Թեպետ այս դրույթները բոլորը քննարկվող են, եւ եթե լինեն ողջամիտ առաջարկներ, փոփոխության ենթակա են: Խնդիրը, կոնցեպտը, կուսակցության մասին օրենքի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ այն քաղաքացիները, ովքեր ունեն քաղաքական միտք, նպատակ եւ ուզում են մասնակցել իշխանության ձեւավորմանը, առանց խոչընդոտների եւ արգելքների դա իրականացնեն: Դրա համար քաղաքական ուժերը նախ եւ առաջ պետք է կարողանան իրենց ռեսուրսները ճիշտ հաշվել, ճիշտ որոշումներ կայացնել, ինչու չէ, նաեւ մի քանի քաղաքական ուժեր, երբ միանան, կարող են ունենալ արդյունք: Օրինակ՝ Վանաձորի, Գյումրու դեպքերում, եթե ընդդիմադիր դաշտի բյուրեղացում տեղի ունենար, գոնե այս հարցի շուրջ իրենք համախմբվեին, ելքը եւ արդյունքը, վստահ եմ, որ լրիվ այլ կլիներ: Էստեղ խաղի հստակ կանոններ են սահմանված, որոնք պետք է լինեն պարտադիր ե՛ւ իշխող, ե՛ւ ընդդիմադիր կուսակցության համար:
-Քննադատություն կա, որ նոր օրենքը մշակված է Հանրապետական կուսակցության մոդելով, որի ղեկավար մարմնի նախագահը պետք է բացառապես համագումարի միջոցով ընտրվի: Ինչո՞ւ եք ՀՀԿ-ի մոդելը պարտադրում մյուս կուսակցություններին:
-ժողովրդավարության մեջ ոսկե կանոն կա. որոշումները պետք է կայացվեն կոլեգիալ սկզբունքներով: Մենք կանոնակարգ օրենքի մեջ, երբ օրակարգը հաստատում ենք, Աժ նախագահը ներկայացնում է, մենք քննարկում ենք: Բայց հիմա, ենթադրենք, ստեղծվել է խորհուրդ՝ ԱԺ-ի կոլեգիալ մարմնի, որտեղ նաեւ ընդդիմությունն է ներկայացված, եւ ինքը կարող է օրակարգային հարցերի քննարկման տեղի, ժամի փոփոխություններ առաջարկել: Հիմա համագումարում, եթե էդ պատվիրակները չեն ընտրելու ղեկավար մարմինը, ղեկավար մարմնի ընտրություններին չեն մասնակցելու, 5 հոգով մենք կհավաքվենք, ստորագրությունները կբերենք, կասենք՝ մեր միջից նախագահ ընտրենք: Սա դասական ժողովրդավարության օրինակ է: Մշտական գործող մարմիններն այլ են, որոշումները կայացնելու հարթակն այս է: Համագումարը նրա համար է, որպեսզի ընտրի մշտական գործող մարմիններ՝ որոշումներ կայացնելու համար, որպեսզի այդ մարմիններն անընդհատ համագումար չհրավիրեն: Ընդհանուր առանցքային հարցերը որոշելու է համագումարը, այդ ամենը մշտական գործող մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պիտի իրականացնեն:
-Այնուամենայնիվ, տեսակետ կա, որ համագումարի կողմից ընտրված ղեկավար մարմինը բեռ կդառնա:
-Ես չեմ կարծում, որովհետեւ մենք վերջերս ընտրեցինք մեր կուսակցության նախագահին համագումարի ընթացքում, ընտրեցինք գործադիր մարմնի անդամներին, գործադիր մարմինն էլ սկզբունքի ձեւով կձեւավորի նաեւ խորհուրդը: Ովքեր պատգամավոր են, նրանք ի պաշտոնե լինում են խորհրդի մեջ, որն ավելի լայն հարցերի քննարկման համար է: Կուսակցության ղեկավարը նրա համար է, որ ընթացիկ աշխատանքները կանոնակարգի, կազմակերպի, համակարգի, անցկացնի: Գործադիր մարմինը կարեւոր է, որպեսզի նախագահը միանձնյա որոշումներ չկայացնի: Եթե կան այնպիսի հարցեր, որոնք լայն քննարկման են ենթակա, ուղարկվում են խորհուրդ, խորհուրդն է որոշում կայացնում: Իսկ ավելի գլոբալ, լուրջ հարցադրումների հետ կապված համագումարն է որոշում: Եվ ցանկացած քաղաքական ուժի համար որոշումներ կայացնելու իրավասու մարմինը պետք է լինի համագումարը, որովհետեւ այդ համագումարի պատվիրակներն ընտրվում են եւ գալիս են իրենց որոշումները կայացնելու: Մոդելը սա է:
-Ֆինանսավորման հետ կապված եւս դժգոհություն կա: Պետությունը գրոշներ է տրամադրում կուսակցություններին, որոնք չեն բավականացնի անգամ մեկ գրասենյակ պահելուն:
-Դա ամենակարեւոր եւ ամենալուրջ խնդիրն է: Իսկապես քաղաքական ուժերի եւ փոքր կուսակցությունների համար ֆինանսավորումը պետք է, որպեսզի իրենց գործունեությունը իրականացնեն: Բայց եթե պետությունը սկսի շատ ֆինանսավորել, կամ այդ աղբյուրը բացել, դուրս կգա, որ քո ֆինանսավորումը որոշակի միջամտություն է իրականացնում: Պետք է գտնել ոսկե միջինը: Այն նվազագույն շեմը, որը պետք է ներքաղաքական ուժերի համար, ովքեր որոշակի ուժ ունեն, ռեսուրս ունեն, նրանց պետք է աջակցել: Սա ամենաշատ քննարկվող եւ խնդրահարույց հարցն է:
-Նախագծում նաեւ այսպիսի ձեւակերպում կա՝ կուսակցության անդամները պետք է լինեն գործունակ: Այսինքն՝ յուրաքանչյուրը համապատասխան «պսիխո՞» պետք է ներկայացնի՝ հավաստելու, որ ինքը հոգեկան խնդիրներ չունի:
-Եթե քաղաքական ուժ է, ինքն է նախ եւ առաջ շահագրգռված լինելու: Այսինքն՝ որ ավելի ներկայացուցչական լինեն, ժողովրդի հետ շփվելու ժամանակ կարողանան տեսակետներ հայտնել: Մենք չենք ասում, որ պետք է բոլորը էսպես լինեն: ԱԺ-ում եթե ներկայանան գործունակ անդամներ, պետք է բերեն, որպեսզի իրենց դիրքորոշումը ներկայացնեն, որովհետեւ նոր կանոնակարգ օրենքով քննարկումների հիմնական բեռը, աշխատանքը տեղափոխվում է Աժ հանձնաժողովներ: Դրա համար ենք սահմանել առավոտյան 10:00-ից մինչեւ 18:00, եւ նիստերը կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օրակարգային հարցերը չեն սպառվել: Գործունակ պետք է լինեն, այդ օրենքները կարդան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ՎԱՆԱՁՈՐ ՔԻՄՊՐՈՄԻ»-Ի ՀՆԱՄԱՇ, ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Վանաձորի երբեմնի արդյունաբերական հսկայի՝ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի աճուրդի հանված գույքը չի վաճառվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 13-ին կանցկացվի «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով խմբավորված լոտերով:

Տեղեկացնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչվել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել: Ընկերությունը 216 աշխատողի աշխատավարձ է պարտք: Նշենք, որ «Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում տեղ են գտել նաեւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն եւ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն: Ընկերությունը «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն»-ին պարտք է ավելի քան 10 մլրդ 840 մլն 538 հազար դրամ, իսկ «Միջազգային բիզնես կենտրոն»-ին՝ ավելի քան 1 մլրդ 87 մլն դոլար:
Ի դեպ, նոյեմբերի 22-ին «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք աճուրդին վաճառքի են հանվելու ընկերության օգտագործված ու հնամաշ գույքը՝ թվով 3609 հատ: Օրինակ՝ աճուրդի հանված գրքերի օգտագործված ու հնամաշ պահարանի մեկնարկային գինը կազմում է 5000 դրամ, իսկ սեղանները՝ 6000 դրամ: Աճուրդի են հանվել նաեւ սնանկացած ընկերության անվադողերը, գործիքները, սարքավորումները: Իսկ օգտագործված պահեստամասերի մեկնարկային գները սկսվում են 200 դրամից: Վաճառքի հանված անմխիթար վիճակում գտնվող քիմիկատների գները սկսվում են 15 դրամից: Նաեւ աճուրդի են հանվել ընկերության բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները, որոնց մի մասը գտնվում է անաշխատունակ վիճակում: Օրինակ՝ 1990թ. արտադրության, 660 հազար դրամ արժեքով «Վազ-21213», 2002թ. արտադրության 2 մլն 610 հազար դրամ մեկնարկային գնով «Mercedes-Benz ML 320», 1999թ. 476 հազար դրամ «Ford Tranzit»-ը գտնվում են անաշխատունակ վիճակում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՎՈՒՇ
Տավուշի մարզի 14 համայնքներում առկա են սողանքի օջախներ: Մարզում առավել ակտիվ սողանքային գոտիները գտնվում են Դիլիջան քաղաքում, Գետահովիտ, Վազաշեն, Հաղարծին, Այրում եւ Լճկաձոր համայնքներում: Դիլիջան քաղաքի սողանքային գոտում դեռեւս խորհրդային շրջանում կառուցված հակասողանքային թունելները մաքրելու, գործարկելու շնորհիվ սողանքի խնդիրը լուծվել է: Գետահովիտ գյուղում սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ գյուղի սողանքային գոտում է գտնվում 91 առանձնատուն, որից 8-ը սողանցքից քանդվել են եւ բնակության համար պիտանի չեն: Դրանց տերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել, բնակիչները գյուղում նոր տներ են կառուցել կամ գնել: Անցյալ տարի ճապոնական «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ Գետահովտում սողանքի ուսումնասիրության ծրագիր են իրականացրել: Նրանք սողանքի գոտում հորատանցքեր են բացել, հողի տարբեր շերտերից նմուշներ վերցրել, որպեսզի պարզեն սողանքի պատճառ դարձած կավե շերտերի գտնվելու խորությունը: Հողի նմուշներն ուղարկվել են երկրաբանական հետազոտության: Գյուղապետ Ա. Ղազարյանն ասաց, որ այս տարի «Ջայկա» կազմակերպության երկրաբանները եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները սողանքային գոտու 4 տարբեր հատվածներում հորիզոնական ուղղությամբ ընդհանուր 200 մետր երկարությամբ ջրահեռացնող խողովակներ են տեղադրել, աշխատանքներն ավարտվել են մեկ ամիս առաջ: 2015թ. «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Գետահովտում 27 մետր խորությամբ սարքավորում են տեղադրել, որը կապված է արտակարգ իրավիճակների նախարարությունում գտնվող համակարգչի հետ: Սողանքի ակտիվացման դեպքում այդ սարքավորումը ահազանգող ազդանշան կուղարկի համակարգչին: Եթե Գետահովիտ համայնքի սողանքի հարցը քիչ թե շատ լուծված կարելի է համարել, ապա մարզի 13 համայնքներում սողանքային գոտիները սպառնալիք են մնում բնակիչների համար:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՎՈՂԻՆ ԿԴԱՏԵՆ
Բերդ քաղաքի բնակիչ Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Տավուշ գյուղի Արդամ հանդամասում նույն գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնին: Դրա հետեւանքով վերջինս ստացել է ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Մ. Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով: Մ. Մեժլումյանը գտնվում է կալանքի տակ: Այս գործով տուժող Սամվել Առուստամյանը մեկ տարի շարունակված նախաքննության ընթացքում դեպքի վերաբերյալ հակասական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել: Կեղծ ցուցմունք տալու համար նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս