Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների աճ է արձանագրվել: Մասնավորապես ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա տասը ամիսների համեմատ աճել են 89.7 տոկոսով եւ կազմել 16 մլն 289 հազար 800 տոննա: Իսկ ահա ուղեւորափոխադրումների ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում 1 տոկոսով նվազել է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկաթուղային բեռնափոխադրումները աճել են 3.2 տոկոսով: Բեռների արտահանումն աճել է 11.3 տոկոսով, իսկ ահա ներմուծումը նվազել է 15.8 տոկոսով, 15.8 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը: Օրինակ՝ հոկտեմբերին երկաթուղով իրականացվել է 136 հազար 400 տոննայի ներհանրապետական բեռնափոխադրում:
«Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները աճել են 2.5 անգամ: Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումների արտահանումը աճել է 23.3 տոկոսով, ներմուծումը՝ 16.2 տոկոսով: Իսկ ահա ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 3 անգամ: Նկատենք, որ այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը աճել է: Ըստ մասնագետների՝ հենց սրանով է պայմանավորված բեռնափոխադրումների ընդհանուր տեսակների 89.7 տոկոս աճը:
Ստացվում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին իրականացվել է 16 մլն 289 հազար 800 տոննայի բեռնափոխադրում, որից միայն 12 մլն 932 հազար 900 տոննան կատարվել է ավտոմոբիլային տեսակի ներհանրապետական բեռնափոխադրմամբ: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալները նույնպես աճել են՝ 82.2 տոկոսով. արտահանումը աճել է 2.2 անգամ, իսկ ներմուծումը՝ 22.2 տոկոս:
Ըստ ԱՎԾ-ի՝ մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները նվազել են 8 տոկոսով: Նկատենք, որ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում: Քանի որ այս դեպքում խոսքը միայն ներկրման մասին է եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի՝ գազի: Այսինքն՝ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել է: Ըստ մասնագետների՝ Հայաստան գազի ներկրման անկման արդյունքում Ռուսաստանի եկամուտները փաստացի նվազել են:
ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալը 1 տոկոսով նվազել է: Իսկ ահա ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8 տոկոսով աճել է: Երկաթուղով ուղեւորափոխադրումները նույնպես աճել են՝ 1.4 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները, հակառակը, նվազել են 1.2 տոկոսով: Նկատենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 16.2 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է՝ ուղեւորների նվազումը, ինչն էլ պայմանավորված է բնակչության արտագաղթով:
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտագաղթել է ավելի քան 47 հազար մարդ, եւ, բնականաբար, դա չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Դա է ցույց տալիս նաեւ էլեկտրատրանսպորտով, մասնավորապես մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների 0.5 տոկոսով նվազումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ