ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ու անմիջապես հետաձգվեց նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործի քննությունը: Նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը եւ ամբաստանյալ Ավետիս Բարեյանը: Չէին ներկայացել նաեւ պաշտպանները:

 

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս բնակվում է ՀՀ-ում, բայց չունի տեղի հաշվառում: Հիմա մտադիր է դիմել ԲՍՓ, որպեսզի հաշմանդամության կարգ ստանա: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող ենք դիմել, ինչպե՞ս է իրականացվելու այդ գործընթացը:

Հայկուհի Խոջոյան (56 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները, ըստ դեղատոմսերի, ապահովվում են անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված տիպի առողջարաններում՝ առողջարանային բուժմամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ ասեք՝ նա ո՞ր դեպքում կարող է օգտվել ուսման վարձավճարի զեղչից: Նշեմ, որ ամուսինս մահացել է, եւ ես միայնակ եմ զբաղվում երեխաներիս խնամքով:

Ջուլիա Նահապետյան (44 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը՝
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական համակարգը, ըստ կառավարության սահմանած չափի եւ հատկացումների, ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:




Լրահոս