Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն իր խոսքում կարևորեց ապրիլին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի ապահովումը և հավելեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ քվեախցիկում անարգել, թափանցիկ ու հաշվետու ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Դրա համար անհրաժեշտ է, որ ընտրություններին նախընթաց բոլոր քաղաքական կուսակցությունների, դաշինքների ու միությունների համար ապահովվեն խաղի հավասար պայմաններ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հայթայման ու ծախսերի, լրատվամիջոցների հասանելիության ու մարզային ներկայացվածության առումով: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ընտրական գործընթացներին՝ նպատակ ունենալով աջակից լինել ինքնիշխան, բարեկեցիկ Հայաստանի, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»:

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խոսեց ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ, ընդգծեց, որ այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ խորհրդարանական ընտրություններից նաև այն առումով, որ նոր Ընտրական Օրենսգիրքը նոր խաղի կանոններ է թելադրում, ավելին՝ գալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են այն առումով, որ այս ընտրություններով է ձևավորվելու նաև ՀՀ գործադիր իշխանությունը:

Քոքոբելյանը շեշտեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս