Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, Ազգային ժողովի թիվ մեկ թեման «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի եւ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր:
Իսկ ինչո՞ւ հենց Ռուբիկ Հակոբյանը: Չէ՞ որ նա մշտապես ԱԺ-ում, գոնե հրապարակավ, իր վատ տրամադրությունը ի ցույց չի դնում, արտաքուստ իրեն զուսպ է պահում: Ավելին՝ ամեն անգամ ՀՅԴ խմբակցության սենյակ մտնել-դուրս գալուց հետո նրա տրամադրությունը շեշտակի բարձրանում է, դեմքն էլ՝ փոքր ինչ կարմրում: Եւ, ուրեմն, ի՞նչն էր փոթորկել նախկին դաշնակին:
Նա երեկ առավոտից բավական ագրեսիվ էր տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, քանի որ «Ժողովուրդ»-ը լուր էր հրապարակել այն մասին, որ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում հետ ընդունել: Առավոտյան համացանցով վիրավորեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, իսկ ԱԺ-ում գործի դրեց բռունցքները:
Լրագրող Վահե Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ հարցազրույցից հետո Ռուբիկ Հակոբյանի հետ առանձնացել է՝ հանգիստ խոսելու, տեսախցիկներից փոքր-ինչ հեռու՝ մութ հատվածում: Վահեի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է իրեն, նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նա հակված չէր խոսելու եւ դուռն ուղղակի փակեց լրագրողների երեսին: Այնուհետեւ ստիպված եղավ պարզաբանել, թե լրագրողն իրեն փորձել է դասեր տալ, դաստիարակել, դրա համար ինքը բարկացել է. «Ես հասկացա, որ ոչ թե լրագրողի հետ գործ ունեմ, այլ խուլիգանի»:
Տեղի ունեցածը տարբեր կերպ մեկնաբանվեց. ավանդաբար լրագրողների գործունեությունից նեղսրտած պատգամավորները հրճվել էին. «Մենք բոլորս Ռուբիկ Հակոբյան ենք» խոսքերով ԱԺ միջանցքներում պտտվում էին, ՀՀԿ-ականներն ուրախ էին, որ այս աղմուկի հետ իրենք կապ չունեն: Բայց առավել ճկունները գիտակցում էին, որ պատգամավորը չպետք է իրեն թույլ տար հարվածել լրագրողին:
Իհարկե, քաղաքական ապագայի անորոշությունը կարող էր նրան սթրեսի ենթարկել, բայց Հակոբյանը ոչ մի դեպքում իրավունք չուներ իրեն անհավասարակշիռ պահելու: Ի վերջո, լրագրողները չեն մեղավոր, որ երբեմնի «սարսափազդու» ընդդիմադիր գործիչն այլեւս պահանջարկ չունի:
Հիշեցնենք, որ 2013-ի մարտի 10-ին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ էր ունեցել Վարդենիսում` ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. «Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ, իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Այս եւ մյուս նմանատիպ ելույթները զայրացրել էին մարզի տղամարդկանց: Այրիվանքի գյուղապետը Հակոբյանին Սեւանի հավաքի ժամանակ ապտակել էր՝ հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ «տղամարդ չկա» կամ «թուրքեր են»:
Այնպես որ, անհավասարակշիռ պահվածքը Հակոբյանի մոտ սովորություն է:
Նաիրա Հովհաննիսյան