«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, որ ՀՀ վարչապետի օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ՀՅԴ-ական նախարարին չի վերաբերում։ Դա չի ժխտում հենց ինքը՝ նախարարը։ Համենայնդեպս, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օպտիմալացման փոխարեն նախարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, համալրվել է 21 նոր աշխատակիցներով, Դավիթ Լոքյանն ասաց.
Նախ ասեմ, որ ոչ թե 21 աշխատակիցներով է համալրվել մեր նախարարությունը, այլ ընդամենը՝ 10-ով։ Նրանք զարգացման և ներդրումային «բլոկի» աշխատակիցներն են։
– Բայց բյուջեում այլ բան է գրված։
– Ինձ հարցրիք, ես պատասխանեցի։
– Իսկ նոր աշխատակիցները ՀՅԴ-ակա՞ն են:
– Չէ, չէ, բացարձակ։
– Լավ, իսկ օպտիմալացումը ձեր նախարարությանը չի՞ վերաբերում։
– Ոչ, մենք օպտիմալացնելու տեղ չունենք, քանի որ մեր նախարարությունը նոր կազմավորված նախարարություն է։
– Բայց ինչո՞ւ է նոր կազմավորված։
Շնորհակալություն։
Հետաքրքիր կլիներ, որ խուսափելու փոխարեն, պարոն Լոքյանը, այնուամենայնիվ, բացատրեր, թե այդ ինչո՞ւ Է Տարածքային կառավարման նախարարությունը համարում նոր։ Ճիշտ Է, լիազորությունների որոշ ավելացում եղել Է, բայց դա չի նշանակում, որ չգիտես երբվանից գործող նախարարությունն էլ չկա։ Ավելին, որ նրանում օպտիմալացման և ամեն մի տարբերակ բացառվում է։
Նշենք նաև, որ 2017 թվականի բյուջեով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը համալրվել է 21 հոգով։ Ավելի ճիշտ, այդ 21 հոգին արդեն իսկ համալրվել են, այն բանից հետո, երբ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը ստանձնեց Հայաստանի տարածքային կառավարումը։ Այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրճատվել է 14 հաստիքով, Քաղաքաշինության նախարարությունը պետական կոմիտե դառնալուց հետո կորցրել է 62 հաստիք, 15 հաստիք պակասել է էներգետիկ կառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և այլն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։