ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տրանսպորտի նախարարների համաժողովի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 3-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նստաշրջանում ունեցած իր ելույթում Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է կայուն տրանսպորտի զարգացմանը, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհաշինությանը, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումներին և մի շարք այլ օրախնդիր հարցերի։
Նախարարը հատկապես կարևորել է երթևեկության անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցերը։
«Մենք առանձնակի նշանակություն ենք տալիս ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը, մասնավորապես, անվտանգության կառավարումն ուժեղացնելուն և օրենսդրական բարեփոխումներին, միջազգային ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդմանը»,- ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նստաշրջանի ընթացքում քննարկումներ են ծավալվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտային կապի, տրանսպորտի զարգացման մասին նախարարների դեկլարացիայի և տրանսպորտի զարգացմանն առնչվող գործողությունների տարածաշրջանային ծրագրի հաստատման վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն