Համաշխարհային բանկը $50 մլն-ի վարկ կտրամադրի Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանի համար Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով:

50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով:

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է. «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:

Սույն գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը:

Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ»։




Լրահոս