Դեկտեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը ամփոփել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 2016թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ գործակալության պետի՝ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 204.770 հաշմանդամ, որոնցից 8.147-ը հաշմանդամ երեխա:
1-ին խումբ` 10.174 (5,0%), որից 4.358 կին, 2-րդ խումբ` 78.231 (38,2%), որից 35.734 կին, 3-րդ խումբ` 108.218 (52,8%), որից 56.999 կին, հաշմանդամ երեխա` 8.147 (4,0%), որից 2.575 աղջիկ:
Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդություններ 31,5%, հոգեկան հիվանդություններ 10,9%, նորագոյացություններ 8,3%, նյարդային համակարգի հիվանդություններ 8,1%, էնդոկրին հիվանդություններ 7,6%:
01.01. 2016թ. – 01.12.2016թ. ընթացքում
· ընդհանուր փորձաքննվածների թվաքանակը կազմել է 66.009 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 62.670 անձի.
· առաջին անգամ փորձաքննվել է 16.645 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 14.816 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.829 անձի,
· փորձաքննվել է 1.209 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.069-ին, հաշմանդամություն չի սահմանվել 140-ին,
· վերափորձաքննվել է 49.364 հաշմանդամ, որից հաշմանդամություն է սահմանվել 47.854 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.510 անձի,
· վերափորձաքննվել է 1.742 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.633-ին, հաշմանդամություն չի սահմանվել 109-ին:
Անդրադառնալով ոլորտի օրենսդրական փոփոխություններին՝ գործակալության պետը նշել է, որ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի որոշման համաձայն, այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրվել են, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել և ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարիք, տրված ՎԱԾ-ի շրջանակներում այժմ օգտվում են պետական պատվերից։
«Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնումը կազմել է 2814՝ ընդհանուր թվի 6.0%, որից մասնակի վերականգնումը՝ 2,8% (սահմանվել է ավելի ցածր հաշմանդամության խումբ` 2-րդից 3-րդ, 1-ինից 2-րդ, 1-ինից 3-րդ), իսկ լրիվ վերականգնումը՝ 3.2% (հաշմանդամություն չի սահմանվել): Հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմում է 2,8% (3-րդից 2-րդ, 2-րդից 1-ին, 3-րդից 1-ին)։ Սա բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքն է»,- ընդգծել է պարոն Սողոյանը:
ԲՍՓ գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվել են մի շարք նախագծեր և մեթոդական ուղեցույցեր՝ ուղղված վերականգնողական ծրագրերի զարգացմանը։ Իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ՝ ընդ որում հարմարեցման ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց տրամադրվել է 62670 վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներ և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ ստացել է 2909 անձ: ՎԱԾ-ը ներառում է սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։
ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշման համաձայն փորձաքննություն անցնող անձինք իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին կարող են որպես ներկայացուցիչ ներգրավել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին: Այս որոշման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների համատեղ հրամանի իրականացման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների 1638 նիստին 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել է 194 մասնագետ՝ բժշկական կազմակերպություններից:
Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 9 անդամ մասնակցել է 8 բժշկասոցիալական փորձաքննության:
Ամփոփելով՝ ԲՍՓ պետը նշել է, որ 2015թ. ընթացքում ՀՀ ԱՍՀՆ 114 թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 81 բողոք, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 17:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին