Արցախի մարդու իրավունքնների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Թալիշում ներկայացրել է առաջին միջանկյալ զեկույցը, որը վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո քաղաքացիների և զինվորականների հանդեպ կատարված ռազմական հանցագործություններին:
Մելիքյանը նշեց, որ հարցումներ են արվել պետական մարմիններին՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ, տեղի են ունեցել բազմաթիվ խորհրդակացություններ` ռազմական, բժշկական մասնագետների հետ: Մելիքյանը նշեց, որ զեկույցում անդրադարձ է կատարվել քառօրյա պատերազմի ընթացքում Արդբեջանի կողմից իրականացված խոշտանգման դեպքերին: «Մեր հիմնավորումներով սա մահվան պատիժ է հայ լինելու համար: Զեկույցում վայրագությունների փաստերը 3 ուղղություններով են ներկայացված՝ Թալիշի, Սեյսուլանի եւ Հարավային բլուրի՝ Լելեթեփե: Յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկել ենք ըստ միջադեպերի»,-հավելեց Ռուբեն Միքայելյանը:
Նա նշեց, որ հյուսիսում եղել է 4 միջադեպ, իսկ զեկույցում նկարագրված է երեք էպիզոդ: «Բոլոր երեք դեպքերում էլ ունենք՝ պատիժ մահվամբ, մարմինների անարգում եւ մեկ դեպքում՝ 92 տարեկան տարեց կնոջ դեպքում՝ խոշտանգման փաստ: Երկրորդ էպիզոդը վերաբերում է ԼՂՀ ՊԲ-ի բեռնատար մեքենային, որի նկատմամբ հարձակում է իրականացվել եւ մենք այստեղ ունենք երկու գլխատման դեպք: Որոնցից մեկին մահացած վիճակում են գլխատել, մյուսին՝ ողջ վիճակում», – հավելեց նա:
Մելիքյանի խոսքով, Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլին հանցագործություն է կատարել, և դա բոլոր ուղղություններով համակարգված բնույթ է կրել: ՄԻՊ-ը նշել է նաև, որ բոլոր հնարավորությունները կօգտագործվեն զեկույցը տարածելու համար: Այն արդեն դիվանագիտական խողովակներով տարածվում է: