Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:
Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։
Զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։
Իսպանացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով՝ Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրեց այցելել Հայաստան: