
Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը:
Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: