Նախարարության և Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Մոսկվայի պետական ավտոճանապարհային ինստիտուտ (ՄԱՃԻ), հանդիպել բուհի ռեկտոր Վիկտոր Նիցևիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները:

ՄԱՃԻ-ն Ռուսաստանում տրանսպորտի ոլորտի մասնագետներ պատրաստող ամենահեղինակավոր բուհերից մեկն է, ունի ճանապարհային երթևեկության, ճանապարհաշինության ու ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտների մի շարք ֆակուլտետներ:

Բուհի ռեկտորը նախարարին է ներկայացրել իրենց փորձն այս ոլորտում, թե ինչպիսի գիտական հետազոտություններ ու ներդրված նախագծեր ունեն Մոսկվայի երթևեկության կազմակերպման և անվտանգության բաղադրիչների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը ենթադրում է գործակցություն ոչ միայն ինստիտուտի և նախարարության միջև, այլև համատեղ կրթական ծրագրեր՝ տրանսպորտային ոլորտի մասնագետներ պատրաստող հայաստանյան բուհերի հետ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, իսկ այնտեղի ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Հայաստանում:

Մեր բուհերի դասախոսական կազմին ևս հնարավորություն կընձեռվի վերապատրաստում անցնել ՄԱՃԻ-ում։ Համատեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում:

Հայաստանի դպրոցների շրջանավարտները ևս հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս