Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետարանի տրանսպորտային դեպարտամենտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գծով ղեկավար Մաքսիմ Լիկսուտովին։

Հանդիպման ընթացքում Մ. Լիկսուտովը Վահան Մարտիրոսյանին է ներկայացրել Մոսկվայում վերջին 5 տարիներին տրանսպորտի ոլորտում իրականացված աշխատանքները։ Նա մանրամասնել է երթևեկության նոր ցանցի գործարկման, միասնական տոմսի գաղափարի ներդրման, տաքսիների լիցենզավորման կարգի, ուղևորափոխադրումների կազմակերպման, տարբեր տրանսպորտային միջոցների համակցման, թրեկերներում «GPS» համակարգերի կիրառման իրենց փորձը։ Նշվել է, որ այս ամենի արդյունքում նվազել են խցանումները, պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Հանդիպման ընթացքում Վ. Մարտիրոսյանը և Մ. Լիկսուտովը խոսել են նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի, ինտերակտիվ քարտեզների, ճանապարհների նախագծման, դրանց մաքրման և պահպանման, կապալառուների հետ աշխատանքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Այնուհետև նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Մոսկվայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոն, որտեղ ծանոթացել է, թե ինչպես են իրական ժամանակի մեջ կազմակերպվում տրանսպորտի կառավարման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս