ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
– Համբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագող երկրների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ճկունություն ցուցաբերեն եւ վերադառնան բանակցությունների սեղանին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում, բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը: Ինչ են ակնարկում այս կերպ:
– Չգիտեմ ինչն են ակնարկում: Երևի ակնարկում են, որ եթե կողմերը համաձայնության չգան` Ադրբեջանը դարձյալ կհարձակվի Հայաստանի վրա: Ընդհանրապես դա շատ տխուր տեքստ է, տեքստ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա, որովհետև հայկական կողմն է, որ բանակցում է իր համար խայտառակ պայմանների շուրջ:
– Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «խոստորեն դատապարտում են ապրիլին տեղի ունեցած վայրագությունները»: Արդյոք սա դրական զարգացում կարող ենք համարել:
– Ինչպե՞ս կարելի է դրական կամ առաջընթաց համարել մի բան, երբ մեղադրանք է հնչում, բայց հասցեատեր չկա: Ո՞վ է գործել այդ վայրագությունները: Ինչու՞ չեն ասում, որ ադրբեջանցիները: Ինչու՞ է խնայվում Ադրբեջանը և դրանով նրա պատերազմական հանցագործությունների մեղքը ինքնաբերաբար կիսվում է նաև հայկական կողմի հետ: Ոչ, անհասցե մեղադրանքն ու դատապարտումն առավել վատ է, քան դրա բացակայությունը: Բացակայությունը մերժման և կեղծիքի գոնե առավել ազնիվ տարբերակ է:
– Ադրբեջանը շարունակում է հետ կանգնել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակում խոսել հակամարտության լուծման անհրաժեշտտության մասին: Ի՞նչ է սա նշանակում:
– Ասենք թե հետ չկանգներ, ի՞նչ էր դա փոխելու: Ոչինչ: Ադրբեջանն ընդհանրապես իր ցեղասպանական և հայատյաց քաղաքական գաղափարախոսությունից չի հրաժարվում և ամենակարևորը դա է: Մնացածը` Վիեննա, Սանկտ Պետերբուրգ` ժամավաճառություններ են: Իսկ հայկական կողմի համար ամենավտագավորը բանակցությունների բովանդակությունն է և հայկական կողմի սիրահոժար պատրաստակամությունը` սեփական հայրենիքի մի հատվածը իր ոչնչացմանը ձգտող թշնամուն` ըստ էության, ոչնչի դիմաց հանձնելու:
զրուցեց Լիդա Եղիազարյանը