«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ. այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել:
Եւ, օրինակ, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այնքան է ոգեւորվել ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից, որ ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքինի՝ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանի կողմ կոճակը սեղմել: Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, Հրանտն իմ կողքն ա եղել»: Մինչդեռ իրականում Հրանտ Դավթյանը երկրում չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: