Սպառնալ` ոչ, բայց համոզել փորձում են. որքանով են Հայաստանում պաշտպանված մարդու իրավունքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ արդեն 1950թ.-ին գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ, այսօր արդեն ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

«Ժողովուրդ»-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցել է այս առիթով` հասկանալու, թե որքանով են Հայաստանում պաշտպանված մարդու իրավունքները:

-Պարո՛ն Թաթոյան, որպես Մարդու իրավունքի պաշտպան, Ձեր իրավունքները պետական համակարգում պաշտպանվա՞ծ են:

-Ես այդպիսի խնդիր չունեմ: Մարդու իրավունքների հարցը, կարծում եմ, պետք է այլ տեսանկյունից նայել: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական լրջագույն մարմիններից, սահմանադրական ինստիտուտներից է, եւ, բնականաբար, համապատասխան լիազորություններով: Բարդություններ, իհարկե, լինում են աշխատանքի ընթացքում:

-Ինչպիսի՞:

-Նախ եւ առաջ բարդություններն առաջանում են ռեսուրսների պակասից եւ անվաբարարությունից: Խնդիրը նաեւ այն է, որ երկրում իրավունքների ոտնահարման եւ ընդհանրապես վիճակի հետ կապված կան բազմաթիվ մարտահրավերներ: Բայց մեկ ինստիտուտի եւ սահմանափակ հնավարությունների միջոցով դժվար է լինում արձագանքել: Ամեն դեպքում կատարվում է շատ քրտնաջան աշխատանք, եւ, բնականաբար, այդ աշխատանքն ուղղված է վիճակը բարելավելուն: Եվ նաեւ Ձեզ ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի նախագիծը գտնվում է խորհրդարանում, եւ նոր օրենքի նախագծի ընդունումը, ես համոզված եմ, որ ավելի կնպաստի դրան:

-Երբ Դուք գնում եք քաղաքացիների ահազանգերի հետքերով, դիմում եք այս կամ այն գերատեսչությունների, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում: Օրինակ՝ փորձո՞ւմ են Ձեզ համոզել կամ սպառնալ՝ չխառնվել խնդրին:

-Սպառնալ՝ ոչ, իհարկե, դա օրենքով արգելված է: Կան համապատասխան պատասխանատվության միջոցներ: Բայց համոզել փորձում են: Այսպես ասեմ, փորձում են փաստ ներկայացնել, որ հայտնաբերված խնդիրը իրականությանը չի համապատասխանում: Որոշ դեպքերում դա նաեւ հասկանալի է, այդ մարմինը փորձում է իր դիրքորոշումը հիմնավորել, բայց դեպքեր կան, որ ակնհայտ տեսնում ես, որ անիմաստ են նման փաստարկները, որովհետեւ խնդիրը հայտնաբերված է, ու վերջ, որի հիման վրա մենք խախտման որոշում ենք կայացնում: Ուզում եմ հատկապես ընդգծել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը: Օրինակ` ՔՀԿ այցերը, համագործակցված ենք աշխատում այս առումով:

-Կարո՞ղ եք ամփոփ ասել, թե ո՞ր գերատեսչություններից են ամենաշատ բողոքները ներկայացնում: Առաջին երեք ոլորտները:

-1-ինը՝ ոստիկանությունն է, 2-րդը` ՔԿՀ-ները, 3-րդը՝ դատարանները:

-Սարի թաղի դեպքերից հետո մարդիկ դժգոհում են` ասելով, որ մենակ են մնացել: Իրենք իրենց կենցաղային հարցերը լուծելու համար այդ օրը ոստիկանության հետ բախվեցին, որի արդյունքում բանտարկվել են: Դուք այս առիթով հանդիպե՞լ եք Վլադիմիր Գասպարյանի հետ: Զրուցե՞լ եք այդ հարցի շուրջ:

-Յուրաքանչյուր բողոքի հետ կապված, բնականաբար, տեղի են ունենում նաեւ առանձին քննարկումներ: Ընդհանրապես այդ իրադարձությունների հետ կապված քննարկումներ լինում են ոստիկանության ղեկավարության հետ, գլխավոր դատախազության ղեկավարների հետ: Դա ինձ մոտ պրակտիկա է, երբ այդ հարցերով պարտադիր լինում են քննարկումներ, եւ մեր հարցերը, պահանջները նույնպես ներկայացնում ենք, լսում ենք նաեւ իրենց փաստարկները:
Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքերին, ես ուզում եմ ասել, որ այդ բոլոր հարցերով անմիջականորեն զբաղվել ենք, եւ հենց այդ գիշեր ես Սարի թաղում էի՝ իմ աշխատակազմով, այնտեղ էինք, որպեսզի հասկանայինք վիճակը, իսկ հետո արդեն հիվանդանոցում ենք եղել: Իսկ ինչ վերաբերում է կալանավորվածներին եւ գործի քննությանը, ապա ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չունի լիազորություններ, միջամտւթյան հարցում, բայց երբ լինում են բողոքներ, հնարավորության դեպքում գրությամբ բացատրում ենք այդ հարցը:

-Այնպիսի տպավորություն է, որ մարդու իրավունքների խախտում միայն ոստիկանությունում կամ ՔԿՀ-ներում է լինում: Բայց վերջերս կոնկրետ քաղաքացիներ բողոքում են, օրինակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից` ասելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ տրամադրելու համար նախապես գումար են ուզում՝ 10.000 դրամ, կամ որեւէ ընտանիքին նպաստ տրամադրելու համար առաջին երեք ամսվա գումարն են պահանջում եւ այլն: Դրանք մարդու իրավունքների խախտումներ չե՞ն:

-Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավուքների ապահովման հարցում հատկապես պետք է զգույշ եւ հետեւողական լինել: Մենք բոլորս պետք է այնպես անենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իրեն զգա մեր հասարակության լիարժեք անդամը՝ առանց որեւէ խտրականության: Այս ուղղությունն ինձ համար կարեւորագույն նշանակությունն ունի:
Օրինակ՝ վերջերս մի քննարկում եղավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Խնդիր էր դրված օրենսդրական ակտով կարգավորել հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքներն այնպես, որ դրանք պրակտիկ, ռեալ կիրառություն ստանան, այդ թվում նաեւ Ձեր նշած դեպքերը: Այո՛, մենք նաեւ նման բողոքներ ենք ստանում: Սրանք այնպիսի խնդիրներ են, որ ես կարծում եմ՝ պետք է լինել շատ խիստ եւ հետեւողական: Նախարարությունը կամ այլ իրավասու մարմին նման հարցում պետք է անզիջում լինի: Անթույլատրելի է, եթե նման դեպք կա, իսկ նման դեպքեր լինում են: Մեր աշխատանքում շատ կարեւոր է երկխոսությունը պետական մարմինների եւ հասարակության հետ:

Վահագն Հակոբյան




Լրահոս