Այսօր Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարի մոտ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակի հրդեհից հետո հայտնաբերվել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ, մեկ նռնականետ, ինչպես նաև այլ զնիատեսակներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կհաստատվի փորձագիտական աշխատանքներից հետո:
ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհի հետևանքով փայտաշեն տնակն ամբողջությամբ այրվել է: Զենքերից պայթյուն է գրանցվել նաև հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Մեծ թվով իրավապահներն այժմ աշխատանքներ են իրականացնում:
Լրագրողների հետ զրույցում շինության սեփականատեր Վահան Մխիթարյանը պաշտոնապես ոչինչ չի ասել` նշելով միայն, որ իր վարկածով՝ տնակը դիտավորյալ են հրկիզել, իսկ թե է ով է այս ամենի ետևում կանգնած՝ Մխիթարյանն առաջարկել է հարցն ուղղել իրավապահներին:
Մխիթարյանը, ով 90-ականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ, հերքում է, թե հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է, հերքում է նաև, որ ինքը դրա հետ որևէ առնչություն ունի. «Ժամանակին էստեղ ազատամարտիկներ են ապրել, երևի իրենցից է մնացել»,-ասաց նա` նշելով, որ վերջին անգամ տնակում եղել է երեկ, սակայն մինչ այս պահը նա ոչ մի տեղեկություն չի ունեցել, որ իր շինությունում տարատեսակ զենքեր կան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան