«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն կանխատեսումներին, որ 2017 թվականին աշխատավարձերի եւ թոշակների հատկացման հարցում խնդիրներ կառաջանան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցրեց, որ նման բան չի լինի:
–Պարո՛ն Արամյան, Դուք պաշտոնապես հայտարարել էիք, որ 2017 թվականին աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, այս պայմաններում հասարակությունը ինչպե՞ս վստահի դրական փոփոխություների մասին ՀՀ կառավարության հայտարարություններին:
-Շատ պարզ, մեր գործողությունների արդյունքում: Մենք ազնիվ ենք հասարակության հետ, դրա համար մենք հասարակությանը չենք խոստանում, որ գիտեք ինչ՝ ձեր կյանքը լավանալու է: Այսինքն՝ լավանալու է գործողությունների արդյունքում: Պետք է իրատեսական լինենք, հիմա ես հասարակության առաջ անազնիվ կլինեի, եթե իրենց տայի լավ օրերի հնարավորություն ընդամենը կես ամսվա կամ, ենթադրենք, մեկ տարվա: Ես իրավունք չունեմ այդպիսի բան անել: Պետք է նայեմ մեկ տարուց ավել հորիզոնով՝ 2 տարի, 3, 5, 10, 20, ինչ է լինելու, եւ դա եմ ես անում: Մեր երկրի տնտեսության համար պետք է տնտեսական աճ եւ մի քանի անգամ այդ մասին բարձրաձայնել եմ: Երբ կունենանք մենք այդ տնտեսական աճը, ավելի դյուրին կլինի ե՛ւ աշխատավարձերը բարձրացնել, ե՛ւ թոշակները, եւ վաղը, մյուս օրը ես չեմ ստեղծի տնտեսական անկայուն իրավիճակ, որ լինի գնաճ, եւ հօդս ցնդեն այն գործողությունները, որ մենք անում ենք:
–ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին կուսակցության 16-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց. «Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը. տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին… Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2017-ին Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ վերցնել:
-Դուք լավ չեք հասկացել Սերժ Սարգսյանի հորդորները:
-Բայց նա հստակ ասել է. «Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»:
-Չեք հասկացել, խնդրում եմ՝ ավելի խորը նայել, տեսեք՝ ինչ է:
-ՀՀԿ նախագահի ասածները հասկանալու համար բավականին լավ երեւակայություն է պետք ունենալ: Նա, օրինակ, պնդում էր, թե ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն աճել է: Գուցե նա նկատի ուներ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների՞ն, որոնք դեռ շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ: Բայց Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում պաշտոնական ցուցանիշներով անկում է արձանագրվել: Օրինակ՝ հացը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության այն սննդատեսակն է, որի սպառման անկումը նույնիսկ գնողունակության նվազման հետ չի կարող կապվել: Եթե Հայաստանում հաց քիչ է արտադրվում, դա ուղղակի նշանակում է, որ սպառողներն են պակասել, այսինքն՝ արտագաղթի հետեւանք է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով:
-Գիտեք, ես տնտեսական աճի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ մեկնաբանություն կատարել եմ: Եթե Դուք նայում եք տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը գնում է նվազման, հիմականում դա պայմանավորված է գյուղատնտեսության վարքագծով, ինչի մասին ես բազմիցս ասել եմ:
-Անկախ պատճառներից՝ ստեղծված իրավիճակը արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որ 2017 թվականի սկզբին թոշակներն ու աշխատավարձերը տրամադրելու հետ կապված խնդիրներ են առաջանալու:
-Ձեզ վստահեցնում եմ՝ այն բոլոր գործողությունները, որ կատարվում են, միտված են թոշակներն ու աշխատավարձերը ժամանակին վճարելուն: Տեսեք՝ սա շատ կարեւոր է՝ կապելով առաջին հարցին, երբ խոսում ենք թոշակների եւ նպաստների բարձրացման մասին: Եթե ես անհեռատես գործողություններ կատարեի եւ բարձրացնեի յուրաքանչյուրի աշխատավարձը կամ նպաստը 20-30 տոկոսով, կարող է՝ նմանատիպ ռիսկեր առաջանային, որովհետեւ թոշակները եւ նպաստները վճարվում են համապատասխան աղբյուրների հաշվին, դա հարկային աղբյուրներն են, դա վարկային միջոցներն են: Հունվարին, փետրվարին եւ ընդհանրապես 2017 թվականին այդպիսի խնդիր չի լինելու:
զրուցեց Քնար Մանուկյանը