Ում սրտով ինչքան անցնի. նորագիր պաշտոնյաները կուսակցությանը դեռ չեն մուծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվում էր «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակներում բուռն քննարկվեց կուսակցությունների ֆինանսավորման հարցը, թե ինչպես պետք է օրինական ճանապարհով «փող ունենան» կուսակցությունները, որպեսզի ձեռք բերեն քաղաքական ռեսուրս եւ հաղթեն ընտրություններում:

Ինչպես հայտնի է՝ կուսակցությունների օրինական ֆինանսավորման ձեւը անդամավճարներն են ու նվիրատվությունները, որոնք հնարավորություն են տալիս անկախ գործունեություն ծավալել քաղաքական դաշտում, մտնել խորհրդարան եւ այդ ժամանակ միայն ՀՀ կառավարությունից ստանալ որոշակի ֆինանսավորում: Ու այս իմաստով ամենաշահեկան վիճակում մշտապես իշխանական կուսակցություններն են, որոնք իշխանությունը կարողանում են հեշտությամբ վերածել փողի եւ դառնալ «անմրցակից»:

Եվ որպեսզի այդ «վերածումը» օրինական հիմքեր ունենա, օրինակ, իշխող ՀՀԿ-ն կուսակցական պաշտոնական կայքում ՀՀԿ-ին անդամակցելու պահանջների մեջ հստակ գրել է. «Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է)», ասել է, թե՝ ում սրտով ինչքան անցնի: Իսկ ինչքա՞ն է անցնում ՀՀԿ-ականների մտքով կամ անցնո՞ւմ է ընդհանրապես:

Պարզվում է՝ այս կուսակցության համար անդամավճարի պահանջը զուտ սիմվոլիկա է, չգործող հրամայական, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցականներից ում հարցրեց, թե ինչքան անդամավճար է տալիս ՀՀԿ-ին, ո՛չ տեղյակ էին, ո՛չ էլ երբեւէ վճարել են: Եվ քանի որ հանրապետականները հրապարակայնորեն խուսափում էին խոստովանել, որ վճարումներ չեն կատարում, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ-ն վերջերս լքած, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության նախկին պետ Արմեն Պապյանի հետ:

Վերջինս անկաշկադ նշեց. «Ես երբեք ոչ մի լումա չեմ վճարել, ոչ էլ ինձնից պահանջել են»: Այդ դեպքում ինչպե՞ս է ֆինանսավորվում իշխանական այդ կուսակցությունը, որն ունի գրեթե անսահմանափակ ռեսուրսներ:

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե նորագիր ՀՀԿ-ականները, որոնք վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո շտապեցին դիմումներ գրել՝ ՀՀԿ անդամակցելու համար, ինչքա՞ն անդամավճար են տվել:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս 7000 շարքային «գազավիկներ» մեծ շուքով հանրապետականացվեցին:

Ի պատասխան հարցման` Թադեւոսյանը նշեց. «Անդամավճարների մուծման գործընթացը մեզ մոտ կամավոր է, ով հնարավորություն ունի, մուծում է եւ ինչքան ցանկանում է, այդքան է տալիս յուրաքանչյուր ամիս»: Հարցն ավելի կոնկրետացրինք. բարձրաստիճան պաշտոնյաները մուծե՞լ են իրենց անդամավճարները: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը՝ ակնհայտ շփոթվելով մեր հարցադրումից:

Թե ինչքան կլինի նորագիր կուսակցական պաշտոնյաների վճարելիքը իրենց գաղափարակիր կուսակցությանը, փորձեցինք պարզել նախարարություններից: Ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ե՛ւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից այդպես էլ չպատասխանեցին: Նշենք, որ անգամ տեղյակ չէին, որ պետք է գումար վճարեն ՀՀԿ-ին: Հուսանք՝ առաջիկայում կհայտարարեն այդ մասին:

Նշենք, որ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Անահիտ Կիրակոսյանը նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի օրը հայտարարեց, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ: Սրան գումարած, նույն ժամանակահատվածում ՀՀԿ-ն կառավարությունից ստացել է 67 մլն 887 հազար դրամ: Պարզվում է` 2 տարիների ընթացքում ՀՀԿ-ն նաեւ անշարժ գույքի վաճառք է կատարել, որի դիմաց ստացել է 21 մլն դրամ:

Թե ի՞նչ անշարժ գույքի մասին է խոսքը, այդպես էլ ՀՀԿ համագումարում չբարձրաձայնվեց:
Միայն հայտնի է, որ նշված ժամանակահատվածում մոտ 160 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ի կողմից իր կուսակից-աշխատողներին վճարվել է 450 միլիոն 941 հազար դրամ որպես աշխատավարձ: Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ն, ըստ պաշտոնական կայքի, ունի 10 մարզային կառույց եւ Երեւանի 12 տարածքային կազմակերպություն: Եւ ուշագրավ է, որ 2 տարիների ընթացքում ՀՀԿ-ն ավելի քան 73 միլիոն դրամի գույք է ձեռք բերել: Ինչ գույք, որտեղ եւ ինչ արժեքով, դարձյալ չի նշվում:

Բայց պարզվում է` ոչ միայն ՀՀԿ-ին են անդամավճար մուծում, այլ նաեւ ՀՀԿ-ն է անդամավճար մուծում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, Եվրոպայի դեմոկրատ ուսանողների միությանը, Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, Եվրոպայի երիտասարդության համայնքին: Այդ բոլորին միասին վերցրած ՀՀ-ն վճարում է 5 միլիոն 317 հազար դրամ անդամավճար: Հենց այս գլխապտույտ առաջացնող թվերի մասին էր խոսքը, երբ Կիրակոսյանը զեկուցեց՝ առաջարկելով հաստատել հաշվետվությունը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը տարակուսեց. «Տիկի՛ն Անահիտը, հարգելի՛ գործընկերներ, կուսակցության էսպես չափանիշներով մեծ թվերի մասին է խոսում, հարցեր չունե՞ք, տիկին Անահիտին»: Անգամ այդ դեպքում որեւէ ՀՀԿ-ականի մոտ հարց չառաջացավ:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ իշխանական ու բիզնեսի անսահմանափակ ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ի դեպքում ֆինանսավորման թափանցիկության խնդիր է նկատվում:

Վահագն Հակոբյան




Լրահոս