Մինչեւ պատմության գիրկն անցնելը` 2016 թվականը շարունակում է անողոք գտնվել եվրոպական երկրների վարչապետների նկատմամբ: Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ճակատագրին արժանացավ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին: Վերջինիս պետական կառավարման համակարգի փոփոխությունների առաջարկների փաթեթը չարժանացավ հասարակության վստահությանը` ստիպելով վարչապետին սկզբունքային դիրքորոշմամբ հեռանալ իր պաշտոնից: Ի տարբերություն սրա` մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանն ամբողջ վարչական ռեսուրսների կիրառմամբ ջանք չխնայեց՝ սեփական Սահմանադրությունն անցկացնելու համար:
2014թ. ձեւավորելով իր կառավարությունը` Ռենզին ու նրա Դեմոկրատական կուսակցությունը հանդես էին գալիս սահմանադրական փոփոխությունների օգտին: Իտալիայում կառավարման համակարգը խիստ ապակենտրոնացված է: Բավական է արձանագրել, որ Իտալիայի խորհրդարանում գործում են շուրջ 13 կուսակցություններ, ինչը խոսում է քաղաքական համակարգի խայտաբղետության մասին: Քաղաքական բազմաթիվ կուսակցությունների գոյությունը խորհրդարանում հուշում է, որ գործադիր իշխանությունը կազմվում է գերազանցապես կոալիցիաների շնորհիվ, քանզի որեւէ կուսակցության այդպես էլ չի հաջողվում մեծամասնություն վերցնել: Եվ ահա Իտալիայում, որի փորձին հաճախ էին հղում անում 2015թ. Սերժ Սարգսյանի հանրաքվեի պաշտպանները, քաղաքական անկայունությունը դարձել է ավանդույթ: Հայկական իրականության համար խորթ կարող է թվալ, սակայն 2008թ. մինչ օրս Իտալիայում փոխվել է 4 վարչապետ: Իրական պատկերացում կազմելու համար իտալական քաղաքական վայրիվերումների մասին, հարկ է հաշվի առնել, որ այս երկրում կառավարման համակարգի առաջին դեմքը վարչապետն է: Եվ ահա Մատեո Ռենզին, ստանձնելով իշխանությունը, այդպիսի անկայունությունը հաղթահարելու հիմնական ուղին տեսնում էր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով վարչապետի եւ գործադիր իշխանության լծակների ավելացումը` ի հաշիվ խորհրդարանի: Այդ կապակցությամբ էլ նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ` պնդելով, որ Իտալիայի տնտեսական դժվարություններն առաջին հերթին կառավարության ու խորհրդարանի միջեւ լծակների անհամաչափ բաշխման հետեւանք են:
Կարող ենք կարծել, որ Ռենզին լրջագույն շտապողականություն դրսեւորեց` առանց հաշվի առնելու երկու կարեւորագույն հանգամանք: Նախ` Իտալիայի բնակչությունը հանրաքվեների ժամանակ խիստ անկանխատեսելի է եւ գերազանցապես քվեարկում է տվյալ պահին ունեցած կարճաժամկետ տրամադրությամբ` առանց հաշվի առնելու հարցի հեռանկարայնությունը: Դրանում քանիցս համոզվել են իտալացի պետական գործիչները: Օրինակ՝ 2006թ. կրկին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բացասական արդյունքներ արձանագրեց այն առաջարկողների համար:
Իսկ վիճակագրությունը փաստում է հետեւյալը` Իտալիայում 1946թ. ի վեր անցկացված հանրաքվեներում այո-ն եւ ոչ-ը հաղթանակել են 6-ական անգամ, իսկ եւս 7 անգամ քվորում չի ապահովվել: Երրորդ պարագան եւս նույնչափ կարեւոր է, որովհետեւ խոսքը աշխարհում տիրապետող դարձած միտումներին է վերաբերում: Ինչպես Մեծ Բրիտանիայում, ապա եւ ԱՄՆ-ում փաստվեց՝ հասարակությունը չի ցանկանում հաշտվել կառավարող վերնախավի ցանկությունների հետ եւ քվեարկում է նրանց կարծիքին հակառակ: Ռենզին իտալական քաղաքական դաշտում առավելապես հայտնի էր Եվրամիության մեջ մնալու համոզմունքով եւ այդ շրջանակներում էր տեսնում Իտալիայի զարգացումը: Արդ, նրա պարտությունը թույլ տվեց հակառակորդներին էլ ավելի փութաջանորեն պնդել, որ Իտալիան պետք է լրջորեն մտածի ԵՄ-ում մնալու նպատակահարմարության մասին: Անջատողական տրամադրությունների աճը Եվրոպայում բավականին բացասական հետեւանքներ կարող են ունենալ, ինչն արդեն զգացվում է Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, իսկ առաջիկայում գուցե նույնիսկ Ֆրանսիայում ու Գերմանիայում:
Իսկ Հայաստանում արշալույսները, «բարեբախտաբար», խաղաղ են Հանրապետական կուսակցության կողմից հովանավորվող արեւի ներքո: Եթե արեւմուտքում իշխանությունները հանրաքվեի են դնում իրենց առաջարկներն ու ակնկալում, որ հասարակությունը կողմ կլինի դրանց, ապա Հայաստանում հանրաքվեն եզակիորեն պատահող երեւույթ է, մի անտանելի գլխացավանք իշխանության համար, որից ամեն կերպ պետք է խուսափել: Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունները 2015թ. ստիպված մի այդպիսի հանրաքվե անցկացրին` «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» նշանաբանի ներքո: Նրանց համար հոգ չէր, որ հասարակության մեծ մասն անտարբեր էր կառավարման համակարգի փոփոխության հանդեպ, իսկ մի ստվար զանգվածն էլ` դեմ: Ամեն միջոց գործադրվեց՝ անցկացնելու համար Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների փաթեթը, որով իբր հաղթահարվում էր իշխանության կենտրոնաձիգությունը, սակայն իրականում բանաձեւվում էր մեկ մարդու` ՀՀԿ-ի ղեկավարի անձնիշխանությունը:
Սահմանադրական փոփոխությունների ինքնանպտակությունն ու արհեստականությունը բացահայտեց նաեւ Սերժ Սարգսյանը, որը սկզբում հայտարարում էր, որ նախագահական համակարգը ապահովում է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությունը` ի տարբերություն խորհրդարանականի, իսկ հետո հայտարարեց միանգամայն հակառակը: Ավելին` իր իսկ նախաձեռնած ու քարոզած սահմանադրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը խոսեց հանրաքվեից 2 օր առաջ միայն: Հայաստանում, ինչպես եւ Իտալիայում, հասարակությունը մերժեց սահմանադրական փոփոխությունը /անկախ հանրայնացված պաշտոնական արդյունքներից/: Անշուշտ, այդօրինակ մերժումների հիմքը ոչ այնքան կոնկրետ դրույթների նկատմամբ հասարակական անվստահությունն է, որքան քաղաքական վերնախավի նկատմամբ ունեցած դժգոհությունը: Հետեւաբար ծագում է իշխանության պատասխանատվության ու լեգիտիմության հարցը, որը Իտալիայում լուծվում է առաջին դեմքի հրաժարականով, իսկ Հայաստանում՝ առաջին դեմքի հավերժական իշխանավարությամբ:
Ն. Հովսեփյան