Ինչու չի վաճառվում «Արմավիա»-ի և «Էյր Արմենիա»-ի գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Էյր Արմենիա» եւ «Արմավիա» ավիաընկերությունների աճուրդի հանված անշարժ եւ շարժական գույքը չի վաճառվում: Նույնիսկ գնային առաջարկներ չկան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նշված ընկերությունների սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը:
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» առողջացման ծրագիր էր ներկայացրել, որով սահմանված ժամկետում պետք է որոշակի միջոցներ ներգրավեր: Սակայն, քանի որ դա չստացվեց, նախնական ծրագիրը տապալվեց: «Էյր Արմենիա» ընկերությունը անցած տարվա սեպտեմբերի 21-ից դադարեցրել է թռիչքները ՀՀ-ից դեպի ՌԴ: Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 2-ի վճռով «Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել: «Էյչ էս Բի Սի բանկ»-ը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանն էլ բավարարել էր բանկի պահանջը:

Իսկ ահա «Արմավիա» ավիաընկերությունը աճուրդի Է հանել 1999 թվականի արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Այն կայանված Է ,Զվարթնոցե օդանավակայանում, արժե 172 մլն 200 հազար դրամ: Աճուրդի է հանված նաեւ մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երեւանում: Շինությունը պատկանում Է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին եւ գրավադրված Է «Ամերիաբաեկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ է: Աճուրդի Է հանվել նաեւ ,Արմավիայիե սեփականետեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ գինը 201 մլն դրամ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր՝ մոտ 532 մլն դրամ արժեքով: Վաճառվում են նաեւ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունները դատարանի որոշմամբ գտնվում են լուծարման գործընթացում: «Էյր Արմենիա» եւ «Արմավիա» ընկերությունների սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ այժմ ակտիվների հավաքագրման գործընթացն է, ինչից հետո դեռ պետք է հստակեցվի, թե որքան ակտիվ է հավաքագրվում, եւ որքան պահանջ է հնարավոր դրանով բավարարել:
Բացի այս, սնանկության գործերով կառավարչի խոսքերով, նշված երկու ընկերությունները գտնվում են նաեւ աճուրդային գործընթացում. նրանք հիմնականում բանկերում տարատեսակ գույք ունեն գրավադրած: «Ընկերությունների՝ աճուրդի հանված գույքերի վաճառքը դժվար է, որովհետեւ դրանք առանձնահատուկ ապրանքներ են, մանավանդ որ ինքնաթիռ է: Իսկ ինքնաթիռի պահեստամասեր Հայաստանում դժվար է վաճառել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Ասատրյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ աճուրդի հանված գույքով հետաքրքրվողներ կան, բայց ռեալ, հավանական գնորդներ այդպես էլ չեն գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ասատրյանը հայտարարեց, որ աճուրդի հանված գույքը վաճառելու նպատակով ինքը բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանի, եվրոպական երկրների, Հարավային Ամերիկայի հետ: «Մենք նույնիսկ դիմել ենք Մերձավոր Արեւելքի երկրներ, որտեղ նմանատիպ ինքնաթիռներ այսօր շահագործվում են, եւ իրենց դա կարող է հետաքրքրել: Այնտեղից նույնպես հետաքրքրվում են, բայց միեւնույն է՝ այս պահի դրությամբ դեռ դրական տեղաշարժ չկա: Մենք չենք սահմանափակվում միայն հայկական գնորդներով, որովհետեւ ՀՀ-ում, ըստ էության, ավիաընկերություն չկա, որին կհետաքրքրի ինքնաթիռների պահեստամասեր եւ այլն»,- լրացրեց Ասատրյանը:

Իսկ ահա «Էյր Արմենիա» ավիաընկերության հետ կապված վերջինս ասաց, որ ընկերության՝ աճուրդի հանված ինքնաթիռը շահագործման համար պիտանի չէ: «Անունն է ինքնաթիռ: «Արմավիա»-ի ինքնաթիռը գոնե ինչ-որ չափով կարելի է շահագործել, իսկ «Էյր Արմենիա»-ինը՝ ոչ: Նշված սնանկացած ընկերությունների պարտատերերը գրեթե ամեն օր «անհանգստացնում» են սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին. զանգահարում են եւ հետաքրքրվում՝ աճուրդի հանված գույքը վաճառվե՞լ է, թե՞ ոչ. «Պարտադիր իրենց բոլորին ներկայացնում եմ, թե որ փուլում են գտնվում սնանկացած երկու ընկերությունների աճուրդային գործընթացները»:

«Ժողովուրդ»-ը Կ. Ասատրյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում պարտքերի մարման գործընթացը: Հարցին ի պատասխան՝ Ասատրյանն ասաց, որ դեռ դրական տեղաշարժ չկա: Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության գույքն արդեն երկու տարի է, ինչ աճուրդի է հանվում, իսկ «Էյր Արմենիա»-ի դեպքում իններորդ ամիսն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս