Այդ ռուս աղջկա անակնկալը երբեք չեմ մոռանա. Արթուր Հակոբյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Կտրուկ եւ անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կփորձենք պարզել` այս փուլում ինչ հայացքով են իրենց կյանքին նայում մեր զրուցակիցները, հետադարձ հայացք նետելով իրենց անցած ճանապարհին` ինչի համար են հպարտանում, զղջում կամ ափսոսում, ինչ նպատակներ են, որ հաջողությամբ իրականացվել են, եւ որոնք են, որ այդպես էլ կյանքի չեն կոչվել: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Թատրոնի հանդիսատեսը նրան հիշում է Ժորժի (Ր. Շարտի «Կնոջս անունը Մորիս է»), գյուղացի հավավաճառի (Խ. Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»), Վասիլի (Լ. Շանթի «Կայսրը) եւ այլ կերպարներով, իսկ հեռուստադիտողները ճանաչում են «Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» եւ այլ նախագծերից:

15451064_1233986343349096_884018808_n

-Պարո՛ն Հակոբյան, մարդկանց ողջունելու Ձեր յուրահատուկ ձեւը ո՞րն է:

-Թեթեւ, շատ չնչին չափով խոնարհվում եմ:

-Ռեսուրս, որի կարիքն ամենաշատն ունեք:

-Միայն ֆինանս: Եթե դրա պակասը չունենայի, բացի անձնական նպատակներին ուղղելուց` գումարով կօգնեի նաեւ հիվանդ երեխաներին:

-Այս երեք հատկանիշներից ո՞րն է առավելապես բնութագրում Ձեզ` մենակյաց, անհամբեր թե՞ լռակյաց:

-Անհամբեր:

-Ձեր մոլուցքը:

-Խաղաղությանը ձգտելու «մոլուցք» ունեմ:

-Ո՞ր նկարչին կընտրեիք` Ձեր դիմանկարը ստեղծելու համար:

-Մեր ջաջուռեցուն` Մինաս Ավետիսյանին:

-Երբեք չեք հավատացել երազներին, հորոսկոպին թե՞ թուղթուգրին:

-Թուղթուգրին չեմ հավատում: Ի դեպ, իմ երազները հաճախ զգուշացնում են ինձ սպասվելիք ինչ-որ բանի մասին:

15451258_1233986336682430_2080870011_n

-Մեր քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համարում հետաքրքիր կերպար:

-Թեեւ քաղաքականությամբ, առհասարակ, չեմ հետաքրքրվում, բայց կառանձնացնեմ Պարույր Հայրիկյանին:

-Ամենաանհավանական, անսպասելի դեպքը, որ Ձեզ հետ երբեւէ պատահել է:

-Առաջին անգամ Սոչիում էի, հյուրախաղերով էի մեկնել: Ինձ հետ էր նաեւ Սեպուհ Ապիկյանը, ու էլի ուրիշ մարդիկ էլ կային: Ռեստորանում նստած էինք, մեկ էլ հայտնեցին, որ մի ռուս աղջիկ ինձ է հարցնում: Երբ նա ներս մտավ, ձեռքին ծաղիկներ կային: Պարզվեց, որ նրա հարեւանուհին հայ էր, եւ այս ռուս աղջիկը նրա հետ հավասար դիտել էր «Վերվարածները» սերիալը` մեր հայրենակցի սինխրոն թարգմանությամբ: Այդտեղից էր ինձ ճանաչում: Եվ ստացվել էր այնպես, որ պատահաբար անցնելիս էր եղել ռեստորանի կողքով ու նկատել էր ինձ: Անմիջապես գնացել էր ծաղկի խանութ եւ շտապել էր մեզ մոտ: Երբեք չեմ մոռանա այդ հաճելի, մի քիչ էլ անհավանական միջադեպը, անակնկալը:

-Մի բան, որի դեմ տարիներ շարունակ պայքարում եք:

-Դա ես եմ. ինքս իմ, նշածս անհամբեր բնավորության դեմ եմ պայքարում:

-Սովորաբար լռում եք այն ժամանակ, երբ…

-Երբ հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, ոչինչ չի փոխվի:

-Ամենազարմանալի բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք:

-Տարիներ առաջ խոսում էին, թե իբր Մոսկվայում վթարի եմ ենթարկվել ու մահացել (ծիծաղում է):

-Կորուստ, որի հետ չեք համակերպվում:

-Ծնողներիս բացակայությունը…

15451463_1233986340015763_80928956_n

-Ի՞նչ նվեր կցանկանաք ստանալ Ձմեռ պապիկից;

-Բնակարան, բայց, դե, դա դժվար լուծելի խնդիր է, չեմ հավատում, որ Ձմեռ պապիկը կարող է գլուխ հանել (ծիծաղում է):

-Ամանորի հետ կապված սովորույթ ունե՞ք:

-Այո՛, արդեն հինգերորդ տարին է` ընտանիքիս անդամների համար Նոր տարվա թեմայով նկարներ եմ անում, իհարկե, սիրողական մակարդակով: Վերջերս արդեն փոքրիկների համար էլ եմ նկարում:

-Շարունակեք միտքը. «Կյանքն ինքնին կարճ է, այնինչ…»

-Այնինչ մահն է երկար…Երբեմն այդ մտքով ապրելը կամ դրան սպասելն ավելի երկար է տեւում, քան կյանքը վայելելու պահը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս