Ով մինչև հուլիսի մեկը ապօրինի հարստանա, կներվի. ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի գործադիրը հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում ապօրինի հարստանալու հանցակազմի քննությունը կվերապահվի հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ կառավարության առաջարկությամբ՝ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է լինելու նաեւ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, արդարադատության նախարարությանը հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Կարեն Կարապետյանի խոսքով` այն բխում է կառավարության ծրագրից եւ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին: Այն, որ օրենքի նախագծի հեղինակներն էլ են խոստովանում, որ կա ապօրինի հարստացման նախադեպ, փաստում է նաեւ նախագծին տրվող բնորոշումը՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ: Այնուամենայնիվ, ի՞նչ ասել է ապօրինի հարստացում, եւ որ դեպքում պաշտոնատար անձի ունեցվածքը կհամարվի ապօրինի կերպով ձեռք բերված:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ ապօրինի հարստանալը՝ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի եկամտի կամ գույքի զգալի չափերի աճը կամ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի կողմից զգալի չափերի ծախսերի կատարումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի պարտքերի մարումը երրորդ անձանց կողմից պաշտոնավարման ընթացքում կամ պաշտոնից հեռանալուց հետո՝ 5 տարվա ընթացքում, որը նա օրենքով սահմանված կարգով չի հիմնավորում իր իրավաչափ եկամտով, ենթակա է քրեական պատասխանատվության. պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Սույն նախագծով նախատեսված հանցանքը, որը կատարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հանձնարարականը տալիս վարչապետը, իհարկե, իրեն բնորոշ անկեղծությամբ օրենքի այս նախագծի շուրջ իր տեսլականը ներկայացրեց. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա եւ նշեց, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահամանափակող օրենքի նախագիծ. «Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով եւ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի:

Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյո՞ք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունները, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,- ասաց նա:

Անշուշտ՝ «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով՝ ապօրինի հարստացման քրեականացման օրենքի ընդունումը կարելի է ողջունելի քայլ համարել, սակայն խնդիրն այն է, որ այս իշխանության կողմից նախաձեռնվող անգամ դրական փոփոխությունները ի սկզբանե արժանանում են հանրային անվստահությանն ու թերահավատությանը: Այս օրենքի նախագիծը եւս բացառություն չէ: Գաղտնիք չէ, որ հայրենի պաշտոնյաներին բնորոշ է իրենց ունեցվածքի հսկայական այսբերգի միայն տեսանելի հատվածը ներկայացնել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը հենց դա են փաստում, երբ միլիոնատեր, անգամ միլիարդատեր պաշտոնյաներն իրենց պատկանող բիզնեսները երբեւէ չեն ներկայացնում այդ փաստաթղթերում: Օրենքի նախագծի հեղինակներն էլ կասեն` մենք հենց դա ենք ուզում վերացնել: Բայց ինչպես հայտնի է՝ օրենքը չունի հետադարձ ուժ: Ասել է, թե ով մինչ այս ապօրինի հարստացել է՝ «իրեն նվեր», կամ էլ մինչեւ հուլիսի 1-ը ով ինչքան հասցրեց, հասցրեց:

Նշենք, որ օրենքն ընդունման դեպքում /իսկ դա գրեթե անկասկած է/ ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: Արդյո՞ք դրանից հետո ապօրինի հարստացողներ չեն լինի…

Վահագն Հակոբյան




Լրահոս