Արտիստների համար Ամանորը բեմում դիմավորելը դարձել է սովորական երեւույթ, կենսաձեւի մի մաս: «Ժողովուրդ»-ը Նոր տարվան ընդառաջ հայ հայտնիներից հետաքրքրվում է` ինչպես են նրանք պատրաստվում նշանավորել տոները, որտեղ են անցկացնելու Ամանորը եւ ում հետ: Հետաքրքիր է իմանալ նաեւ` ինչ ակնկալիքներ ունեն աստղերը 2017-ից, ինչ նպատակներ են իրենց առջեւ դնում եւ ինչ երազանքներ են պահում:
Կրկեսի արտիստ, պարուհի եւ երգչուհի Թինա Քեյը Ամանորի գիշերը դիմավորելու է Ղրիմում, բեմի վրա. ««ԹԻ Քեյ» պարային խմբի հետ հանդես ենք գալու Ղրիմի կենտրոնական համերգասրահում, ինչպես նաեւ` կոորպորատիվ միջոցառումների շրջանակներում: Ի դեպ, մինչեւ հունվար ամիսը խմբիս հետ համերգներով լինելու ենք նաեւ Մոսկվայում»,-պատմեց Թինան:
Մենք հետաքրքրվեցինք` արտիստի համար դժվար չէ, արդյոք, տարիներ շարունակ տոներն ընտանիքից հեռու անցկացնելը. «Դա, իհարկե, տխուր հանգամանք է, բայց ընտանիքն էլ պետք է հասկանա, որ դու իրենից հեռու ես` հանուն իր իսկ բարեկեցության: Բացի այդ` ես իմ աշխատանքը մեծագույն հաճույքով եմ անում. առանց իմ մասնագիտության ես գոյություն ունենալ չեմ կարող: Եվ հետո, ասեմ, որ Ղրիմի մեր ելույթներից հետո միանալու եմ ընտանիքիս եւ միասին գնալու ենք Մոսկվա: Կարծում եմ` մեր դստերը կկարողանանք տանել ամենատարբեր հեքիաթային ներկայացումների: Աղջիկս կուրորեն հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, դե, իսկ «ձմեռպապիկներն» էլ ջանք չեն խնայում, որ նրա բոլոր ցանկություններն ի կատար ածվեն»,-մեկնաբանեց Թինան:
Հարցին, թե ամանորյա եռուզեռի մեջ ինչը կամ որ պահն է ամենաշատը սիրում, Թինան պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է նյութականին, ապա պասուց տոլման, իսկ եթե հոգեւորին, ասեմ, որ Ամանորն ինձ համար մի փոքր էլ տխուր տոն է. չէ որ գիտակցում ես, որ քո կյանքից մի տարի էլ անվերադարձ գնաց»:
2017-ի հետ կապված պարուհին մի շարք երազանքներ է պահում. «Մի քանի գլոբալ երազանքներ ունեմ` որ մեր երկրում խաղաղություն լինի, սահմանին կանգնած զինվորը ոչնչի կարիք չունենա եւ առողջ վերադառնա իր ընտանիք, հայ ժողովուրդն էլ ապրի բարեկեցիկ կյանքով: Մի անձնական երազանք էլ եմ պահում. շատ կցանկանայի 2017-ին երկրորդ բալիկն ունենալ. սեռն էական չէ: Աստված առաջ»,-եզրափակեց Թինան:
Աննա Բաբաջանյան