«Քաղաքակիրթ թալանի» վարկային ուղին. մինչ տնտեսությունը գահավիժում է՝ հայաստանյան բանկերը ծաղկում են, բարգավաճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը հայաստանյան ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի, այլ կերպ ասած` վարկային կազմակերպությունների, բանկերի եւ նմանատիպ այլ կառույցների ակտիվների ավելի քան 90 տոկոսը՝ 1 մլրդ դոլարից ավել 2014թ. դրությամբ:

Եւ մինչ մեր երկիրը տարիներ շարունակ գահավիժող տնտեսության ակտիվացման քայլեր է մշակում, հայաստանյան բանկերը ծաղկում են, բարգավաճում:
Բավական է նկատել, որ եթե ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ում սնանկացան 279 բանկեր, Հայաստանում ոչ մի բանկ չտուժեց, ավելին՝ նրանց շահույթները զգալիորեն մեծացան:

Քաղաքացին, տարբեր մասնավոր եւ պետական կառույցներ հաճախ են հարաբերվում բանկերի հետ եւ բախվում բանկային զանազան աճպարարությունների: Դրանց արդյունքը մեծամասամբ մեկն է՝ բանկի գերշահույթի ապահովումը: Բանկը սովորաբար վերցնում է սպասվածից ավելի գրավ, քան պետք է գումար տա դրա դիմաց:

Ստորեւ անդրադառնանք այդ համակարգի առանցքային բանկերից մեկին՝ «ՎՏԲ»-ին, եւ նրա կողմից մատուցվող վարկային, այսպես կոչված, արտոնություններին:
Ըստ այդմ, հարկ է անդրադառնալ ՎՏԲ բանկի վարկային գծին, որը, ի տարբերություն մյուս բանկերի, ամենագրավիչն է` գոնե ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում համարվում է խոշոր կառույց:

Նախ քաղաքացու կամ ընկերության հետ կնքվում է փոքր տառաչափով կազմված «ստանդարտ» մի պայմանագիր, որտեղ իրականում ողջ գործընթացը՝ գրավի ձեւակերպումից մինչեւ վարկի մայր գումարը մարելու կամ էլ տրված գումարը չվճարելու տարբերակները, չի մասնավորեցվում: Որոշ ժամանակ առաջ վերոհիշյալ բանկի «ներքին ընթացակարգի» շուրջ մեծ դժգոհություններ էին առաջացել: Ըստ քաղաքացիների՝ վարկի ժամկետի սպառվելուց հետո, երբ քաղաքացին ի վիճակի չի լինում մարելու վարկի մայր գումարը, յուրաքանչյուր օրվա համար գումարի 0,2%-ի չափով տույժ է կուտակվում: Քաղաքացին կարող է միամտություն ցուցաբերել ու մտածել, թե ճիշտ կլինի համաձայնելը, որ իր գրավադրված առարկան մնա բանկի հոգածության ներքո, եւ վերջինս վարվի դրա հետ՝ ըստ իր հայեցողության: Եթե քաղաքացին, այդուհանդերձ, անկարող է մարել վարկը, նա պետք է գնա բանկ եւ համապատասխան դիմում գրի, որի արդյունքում բանկը «հնարավորություն» կստանա վաճառելու գրավ դրված առարկան, նույնիսկ մի ողջ ձեռնարկություն՝ այն սնանկության հասցնելով:

Փաստորեն, երբ մարդն իր ունեցվածքը բանկում գրավ է դնում եւ վարկ ստանում, ընկնում է խառնափնթոր դրության մեջ: Բանկը յուրաքանչյուր պարագայում հաղթող է դուրս գալիս, իսկ քաղաքացին հարկադրված համակերպվում է դրության հետ ու «երդվում» այլեւս բանկերի հետ գործարքի մեջ չմտնել:
Խոսենք փաստերով

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիշյալ բանկը դատական վեճերի մեջ է գտնվում «Անիկսոն Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: Այսպես՝ քաղաքացիական գործը, ըստ ՍՊ ընկերության հայցի, կայանում է հետեւյալում՝ բանկը ընկերությանը տրամադրել է ավելի շատ դոլարի վարկ այն դեպքում, երբ ընկերության գույքն արժեցել է դրանից 4 անգամ քիչ:
Ավելին՝ ընկերությունը լուծարման փուլում է գտնվում եւ այժմ պահանջում է, որ գրավադրման փուլը դադարեցվի, ասել է, թե դադարեցվեն սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկաներ հանդիսացող գույքերի գրավի պայմանագրերը:

Առաջին ատյանում «Ամիկսոն Բիզնես» ընկերությունը հաղթել է դատարանում, եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը դիմել է վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Երեկ այս գործով դատական նիստն էր՝ դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ: Նիստին բանկի ներկայացուցիչը չէր մասնակցում: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին: Նիստի ավարտին ընկերության ներկայացուցիչ Բախշյանը «Ժողովուրդ»-ին կարճ պարզաբանեց, որ բանկը, կարելի է ասել, ռիսկի է դիմել՝ գրավի արժեքից 4 անգամ շատ գումար տրամադրելով` մոտ 14 միլիոն դոլար՝ ավելի քան 4 միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար դոլար արժեցած գրավի դիմաց: Եվ այսօր ահա այս վիճակն է: Ի դեպ, ավելի քան 2 միլիոն դոլար ավելի ուշ առաջացել է ժամկետանց պարտավորությունների հետեւանքով: Ընդ որում, մինչ օրս կետանցը շարունակվում է:

Թե ինչպես, ինչ խոստման կամ զանգի արդյունքում է բանկը համաձայնել քիչ գրավ վերցնել ու ավելի քան 3 անգամ շատ գումար տալ, թերեւս այդպես էլ անհասկանալի կմնա: Համենայնդեպս, պետք է արձանագրենք, որ շարքային քաղաքացու դեպքում այսպիսի բան չի կարող պատահել. անգամ 200 հազար դրամանոց ապառիկ ձեւակերպելու համար են «ունեցած-չունեցածը» գրավադրում:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ բանկից: Մեր գրավոր հարցմանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեցին:

Շարունակելով ներկայացնել ընկերության եւ բանկի միջեւ առաջացած դատական վեճը՝ նշենք, որ այս գործով որպես երրորդ կողմ է անցնում սնանկ ճանաչված, Օշական գյուղում գտնվող «Աշտարակ գինիներ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Վերջինիս անունը կապվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, մեկ տարի առաջ սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հետ: «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Գրեյթ վելլի քամփընի»-ի սնանկացման գործընթացին: Հիշեցնենք՝ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»։
Իհարկե, հայտնի փաստ է, որ պատգամավորը միայն Հայաստանում չէ, որ բիզնեսներ ունի: Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին:
Նկատենք, որ մի հոդվածում հիշատակեցինք միանգամից երեք ընկերությունների սնանկացման մասին, եւ բոլոր դեպքերում սնանկացման պահանջ ներկայացրել են բանկերը:

Իսկ ՀՀ պատմության բոլոր ժամանակներում բոլոր կառավարությունները երդում են տվել զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսի ծաղկմանը: Ահա թե ինչպես են զարկ տալիս… սնանկացմանը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս