Այս տարվա նոյեմբերին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման 8¬րդ փառատոնի շրջանակում լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ ճանաչվեց եւ Լեւ Ատամանովի անվան մրցանակի արժանացավ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» կինոժապավենը: «Ժողովուրդ»-ը Հայկից հետաքրքրվեց` ինչ նախագծերի վրա է հիմա նա աշխատում. «Ակտիվորեն համագործակցում եմ արտերկրի ֆիլմարտադրողների հետ, նաեւ որպես համահեղինակ, ֆրանսիական եւ իրանական դպրոցներում տալիս եմ վարպետության դասեր: Հայ հանդիսատեսին պատրաստվում եմ ներկայանալ «Մեծ երազներ» ֆիլմաշարով: Եվ արդեն մեծ ու պրոֆեսիոնալ թիմով աշխատում ենք:
«Մոմիկ» անիմացիոն եռապատումի վրա»-տեղեկացրեց նա:
Նշենք, որ Հայկը ներկայանում է որպես այլընտրանքային ֆիլմերի հեղինակ. «Ես ֆիլմերս համարում եմ այլընտրանքային թե՛ կատարողական, թե՛ ձեւաչափային, թե՛ թեմատիկ առումով»-մեզ հետ զրույցում շեշտեց նա:
Հայկի ֆիլմերում, փաստորեն, խոսողը նրա կտավներն են, ուստի հարցրինք` ինչպես է նա անիմացիան ծառայեցնում նկարներին «խոսեցնելու» նպատակին. «Բոլոր կտավներն ինքնին խոսուն են, եթե դրանց հեղինակը վարպետ է: Սակայն, երբ դրանք կախված են ցուցասրահի պատին, ոչ բոլորի հետ են խոսում: Իսկ անիմացիոն հնարքներով կենդանություն առած կտավները կարող են խոսել շատ մեծ ու լայն լսարանի հետ: Ես վաղուց արդեն համագործակցում եմ տաղանդավոր դերասանների, կոմպոզիտորների ու երաժիշտների հետ, որոնց օգնությամբ կտավներս ավելի խոսուն եւ երգեցիկ են դառնում»,-մեկնաբանեց անիմատորը:
Ի դեպ, բացի երգահանների հետ համագործակցելուց` Հայկն ինքը երբեմն իր ֆիլմերի համար գրում է երաժշտություն, նա հեղինակում է նաեւ հեքիաթներ. «Երաժշտական կրթությունս առել եմ սարերում ու անտառներում, գետերի ափին եւ թափառող գուսանների հետ հանդիպումներում: Ինչ վերաբերում է հեքիաթներին, ասեմ, որ սիրում եմ, երբ ինքս եմ նկարում իմ պատմած հեքիաթները եւ ինքս եմ դրանց համար երաժշտություն գրում: Սա նման է գյուղերի տարեցների արածին: Նրանցից շատերը հեքիաթ պատմելիս օգտագործում են ցանկացած խոսուն գործիք եւ հնարավորություն` ստանձնելով մի քանի մասնագետի ֆունկցիա»,-բացատրեց Հայկը:
Անիմատորից հետաքրքրվեցինք` արդյոք պետությունն աջակցում է իր ֆիլմերի ստեղծմանը, հատկապես, որ դրանցից շատերն արծարծում են ազգային թեմաներ. «Մի քանի գերատեսչություն ի սկզբանե հետաքրքրված են «Մոմիկ» ֆիլմով, եւ այդ հետաքրքրությունը պարբերաբար թակում է իմ դուռը` իմանալու համար, թե ով կա տանը»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան