Շուտով կլրանա 2 տարին, ինչ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու եւ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Սակայն նախօրեին արդեն հստակ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կողմից որպես քաղաքական դերակատար «չարիք» որակված Ծառուկյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն:
Ինչպես հայտնի է՝ դետեմբերի 3-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո կուսակցության անդամները զրուցել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը, իբրեւ երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձեւաչափով ու երբ, այդ մասին Գագիկ Ծառուկյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ եւ մանրամասները կներկայացնի: Իսկ առայժմ բավականին տխուր, եթե չասենք՝ անհեթեթ իրավիճակում են հայտնվել ՀՀԿ-ական այն պատգամավորները, որոնք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո շտապեցին վերջինիս հասցեին տարատեսակ վիրավորական արտահայտություններ անել եւ, մեղմ ասած, կոշտ բառամթերքով բութագրել ԲՀԿ նախկին առաջնորդին: «Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
-Տիկի՛ն Եսայան, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Իր գործն է, անկեղծ ասած, ոչ մի տեսակետ չունեմ, թող գա, տեսնենք՝ ինչ պետք է անի:
-Անձամբ Դուք 2015 թվականի փետրվարին, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուն, ասել էիք. «Վերջակետ դրեցինք ու ասեցինք, որ քեզ հասնում է»: Ավելին՝ նշել էիք, որ նա իր արտահայտություններով սպառնում է երկրի անվտանգությանը: Հիմա Ձեր բնորոշմամբ՝ երկրի անվտանգությանը սպառնացողը հայտարարել է իր վերադարձի մասին, ի՞նչ եք անելու:
-Որեւէ մեկնաբանություն չունեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ պետություն է, եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր քաղաքական հասարակական դիրքորոշումը եւ գործունեությունը ծավալելու հարցում:
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխվեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մի օրում դարձավ երկրի համար «չարիք», հիմա էլ, փաստորեն, նորից դառնում է բարիք: Արդյո՞ք այստեղ խոսքը երկրի մասին էր, առհասարակ, թե կոնկրետ մեկ մարդու ցանկության:
-Իրեն պետք է հարցնեք՝ իր կյանքում ինչ-որ բան փոխվե՞ց, թե՞ ոչ: Վերադարձողը ես չեմ, ես միշտ այստեղ եմ, ով վերադառնում է, իրեն հարցրեք:
-Իսկ ի՞նչ փոխվեց կամ ինչ կփոխվի Հանրապետական կուսակցության կյանքում «քաղաքական չարիք» Գագիկ Ծառուկյանի վերադառնալուց հետո:
-Հանրապետական կուսակցությունը ՀՀ միակ հզոր եւ առաջատար քաղաքական ուժն է, որեւէ բան Հանրապետական կուսակցության կյանքում չի կարող փոխվել: Կփոխվի միայն այն դեպքում, երբ որ մենք կուզենք, երբ որ մենք կլինենք նախաձեռնողը եւ մենք քայլեր կիրականացնենք: Մենք համագումար ենք արել, համագումարը բանաձեւ է ընդունել, եւ մեր կուսակցության հետագա գործունեությունը այդ համագումարի ընդունած բանաձեւով է պայմանավորված եւ նախագահի հաշվետվությամբ: Մնացածը ինչ կլինի, ով կգա, ով կգնա, անկեղծ ասած, անձամբ ինձ համար առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում:
-Հոկտեմբերի 26-ին Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2015-ի փետրվարին իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցածին եւ իր հասցեին հնչած վիրավորանքներին, ասել էր, թե բոլորին ներում է: Ո՞ւմ է ներում, միգուցե նաեւ Ձե՞զ, Դուք ներողություն խնդրե՞լ եք, որ նա ներում է, կամ պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել:
-Իրեն հարցրեք, ով որ արել է հայտարարությունը, գնացեք, իրեն հարցրեք, երբ որ Մարգարիտ Եսայանը կանի հայտարարություն, կգաք, ինձ կհարցնեք, կմեկնաբանեմ: Ծառուկյանի հայտարարությունը թող մեկնաբանի Ծառուկյանը, իր մամուլի խոսնակը:
-Բայց իր հասցեին Դուք եւ մի շարք այլ հանրապետականներ եւս վիրավորական ձեւակերպումներ էիք թույլ տվել:
-Գիտեք, ներելու հատկանիշ միայն Տեր Աստված ունի, մնացած ով ինչ կանի, իր խղճին:
զրուցեց Քնար Մանուկյանը