Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպված «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումներին:
Լսումների ընթացքում քննարկվեցին ԱԳ նախարարության և այլ պետական հաստատությունների, հանրային սեկտորի, գործարար ոլորտի, սփյուռքի և այլ շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության հնարավորությունները, որոնք կոչված են ՀՀ Նախագահի կողմից կարևորություն ստացած և առաջադրված խնդիրների համատեքստում նպաստել արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման աջակցությանը, ՀՀ արտաքին տնտեսական գործունեությանը, ներդրումային քաղաքականության ակտիվացմանը, շուկաների ընդլայնմանը:
ԱԳ նախարարի տեղակալը տեղեկացրեց տնտեսական դիվանագիտության հայեցակարգի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նա ներկայացրեց հայեցակարգի նախագծի շրջանակներում նախատեսված՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվելիք գործառույթները, ինչպես նաև առաջարկվող համագործակցության համակարգը։
Ռոբերտ Հարությունյանը ներկայացրեց նաև Հայաստանի մասնավոր հատվածի՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվելիք աջակցության մասին ԱԳՆ կողմից արված վերլուծության արդյունքները։ ԱԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորեց արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի իրագործման շրջանակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքների արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը։