1910 թվականի դեկտեմբերի 11-ին մահացել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցին՝ (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան):
Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894 թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես Մատթևոս Գ Իզմիրլյան։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896 թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1881-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»։
Կաթողիկոսական գահին Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը։