Մեկ ամսվա ընթացքում տների գրավադրումն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ ավելացել է 525-ով: Բացի այս՝ մեկ ամսվա ընթացքում 5.8 տոկոսով աճել է նաեւ բնակարանների գրավադրման ցուցանիշը, ինչը մտահոգիչ է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 հազար 787 գործարք: Իսկ ահա սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 հազար 262 գործարք, որը 525-ով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից: Սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը նվազել է 1273-ով:

Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 27.8 տոկոս, վարձակալության գործարքները՝ 4.5 տոկոս: Սակայն ուշագրավն այն է, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը այս տարվա հոկտեմբերին կազմել է 16.6 տոկոս: Ստացվում է, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում տների գրավադրման ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով:

Վերոնշյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների մեծ մասը Երեւանում է տեղի ունեցել, որը կազմել է 33 տոկոս: Այս ցուցանիշը սեպտեմբերի համեմատ 0.9 տոկոսով նվազել է, այն գրեթե կրկնակի՝ մեկ ամսվա ընթացքում աճել է Լոռու մարզում: Այսպես՝ եթե այս տարվա հոկտեմբերին Լոռու մարզում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 14 տոկոս, ապա այն սեպտեմբերին եղել է 6.4 տոկոս: Այս ցուցանիշը նվազել է նաեւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում:

Մասնագետները սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի նվազումը կապում են մարդկանց գնողունակության հետ: Այդ առումով վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Անցած տարեսկզբին կապված ազգային արժույթի արժեզրկման հետ անշարժ գույքի շուկայում ձեւավորվել էին որոշակի սպասումներ: Դոլարի թանկացման արդյունքում գնորդները ժամանակավորապես ձեռնպահ մնացին շուկայում գործարքներ կատարելուց:

Եւ հենց այս հանգամանքը հանգեցրեց գործարքների քանակի նվազեցման: Դա արտահայտվեց նաեւ անշարժ գույքի եւ բնակարանային շուկայում:
Պատահական չէ, որ անցած տարեսկզին դրսեւորվեց որոշակի պասիվացում:
Իսկ ահա անշարժ գույքի գրավադրման աճը նշանակում է, որ զգալիորեն ավելացել են անշարժ գույքի գրավով վարկեր եւ փոխառություններ վերցնելու գործարքները: Դա էլ իր հերթին նշանակում է, որ զգալիորեն ավելացել են այն մարդիկ ու ընտանիքները, որոնք այս կամ այն սոցիալական խնդրի լուծման համար այլ ելք չգտնելով՝ ստիպված դիմում են ամենածայրահեղ քայլին՝ իրենց ունեցվածքի (հնարավոր է՝ միակ կամ վերջին) գրավադրման միջոցով փոխառություններ են վերցնում՝ աստղաբաշխական տոկոսներով: Ընդ որում, այս գրավադրումները որեւէ առնչություն չունեն հիպոթեքային շուկայի հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որովհետեւ հիպոթեքային վարկավորման դեպքում կատարվում է նաեւ օտարման գործարք, այսինքն՝ ձեւակերպվում է առքուվաճառք, եւ տունը գրավադրվում է բանկում: Հուսանք, որ պատկան մարմինները կմտահոգվեն մարդկանց՝ տները գրավադրելու հարցով:

Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակարանների մեկ քմ-ն այս տարվա հոկտեմբերին պահպանել է նախորդ ամսվա՝ սեպտեմբերի գնային մակարդակը: Բայց այն անցած տարվա հոկտեմբերի համեմատ թանկացել է: Նույն պատկերն է նաեւ ՀՀ մարզերի քաղաքներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս