«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նկատմամբ, իսկ ավելի ստույգ այստեղ հայտնաբերված խախտումները, որակելով որպես հանցագործություն, դատախազությունը դրանց իրավական ընթացք է տվել: Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն` հայտնաբերված խախտումները ծանր հետեւանքներ են ունեցել:
Իսկ ինչ չարաշահումների մասին է խոսքը, եւ ինչ գործունեություն է ծավալում հիշյալ հիմնադրամը: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնադրամում հայտնաբերված խախտումների հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Իսկ քրգործ հարուցելու հիմք են հանդիսացել ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունները:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում ընթացիկ տարվա 2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ եւ ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքում էլ չարաշահումներ են հայտնաբերվել: Իսկ ամեն բան սկսվել է վարկային գործարքներից: Ըստ այդմ, Համաշխարհային բանկը դեռեւս չճշտված չափով վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը, որը գործադիրը փոխանցել է հիմնադրամին որպես դրամաշնորհ: Իսկ գումարը նախատեսված է եղել ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ համապատասխան ծրագիր իրականացնելու համար:
Ըստ ՎՊ հաշվետվության` հիմնադրամը կանոնադրությամբ սահմանված որոշ պահանջներ չի իրականացրել, ինչը հանգեցրել է նրան, որ հիմնադրամի բաժնեմասերի իրական (շուկայական) արժեքները չեն գնահատվել, իսկ հիմնադրամի բաժնեմասերը օտարվել են առանց խորհրդի համապատասխան որոշումների:
Ըստ երեւույթին, հատնի չէ` ինչի վրա է ծախսվել Համաշխարհային բանկի տրամադրած վարկը: Հասկանալու համար` ինչ չարաշահումների մասին է խոսքը, «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենիգաբրյանից: Վերջինս հաստատեց տեղեկությունը, որ խոսքը ՎՊ հայտնաբերած չարաշահումների մասին է` միաժամանակ նշելով, որ դրանց հետ հիմնադրամը, միանշանակ, համամիտ չէ. «Իհարկե, պետք է բողոքարկենք: Եվ անկեղծ ասած` ուրախ ենք, որ քրեական գործ է հարուցվել, քանի որ այդկերպ կկարողանանք շատ այլ հակափաստարկներ եւ հանգամանքներ ներկայացնել»,- ասաց հիմնադրամի տնօրենը` վստահեցնելով, որ ՎՊ-ի կողմից փաստերն այլ կերպ են ներկայացվել: Դե ինչ, սպասենք, տեսնենք:
Տաթեւ Հարությունյան