Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ. «Այսօր առավոտվանից նախարարությունում եմ, մանրամասներին կկարողանամ մի քիչ ավելի ուշ ծանոթանալ, բայց նախնական գիտեմ, որ երեխան ոչ թե ծնվել, մահացել է, այլ մահացած է ծնվել»:
Վարդան Հովհաննիսյանը երեխայի մահվան պատճառների մասին ասաց. «Պարզ կլինի միայն բժիշկների հետ քննարկելուց հետո: Նախնական գիտեմ, որ ծննդկանի մոտ առաջին հղիությունն էր: Հղիության ընթացքը նորմալ է եղել, միայն վիրուս է ունեցել, սակայն նա ամբուլատոր բուժվել է, և դա խնդիր չէր կարող լինել»:
Ծննդկանը մոտ 40 շաբաթական է դիմել ծննդատուն. «Ջրերը գնացած են եղել, դրա համար սիմուլացիա են արել, հետո երեխային հանել են, արդեն մահացած է եղել»:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ հիվանդանոցում սա միակ դեպքը չէ, մասնավորապես նման դեպք է գրանցվել նաև 2014թ.-ին և այս տարվա փետրվարի 7-ին: