«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք». սա Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015-ի փետրվարի 12-ին արված հայտարարությունից պատառիկ է, որից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից դուրս գալու եւ իրեն ամբողջովին սպորտին նվիրելու մասին: Բայց մոտ երկու տարի անց ԲՀԿ-ին հավատարիմ մնացած գործիչներն ու հազարավոր քաղաքացիներ պարբերաբար տարբեր ֆորմատներով դիմում են Գագիկ Ծառուկյանին՝ վերադառնալու խնդրանքներով: Նույնիսկ նրա տան դիմաց էին հավաքվել քաղաքացիները, որոնց ներկայությունից ճնշված Ծառուկյանը իջավ իր դղյակից, խոստացավ առանձին հայտարարությամբ տեղեկացնել անելիքների մասին՝ միաժամանակ ակնարկելով, որ առաջիկա ընտրություններին անպայման մասնակցություն կունենա: Երեկվա դրությամբ պատմական այդ հայտարարությունը դեռ չէր եղել: Բայց ՀՀԿ-ական շատ գործիչների մոտ արդեն «ոչ կոմֆորտ» իրավիճակ էր: Զավեշտալի փակուղում են հայտնվել այն հանրապետականները, որոնք առիթը բաց չէին թողել եւ իրենց վերադասի թողտվությամբ Ծառուկյանի հասցեին կոշտ որակումներ էին հնչեցրել: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով Ծառուկյանի մասին, ասել էր. «Թալանչին չի կարող լինել բարերար, նա չարիք է»: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ եք Ձեր խոսքերը Ծառուկյանի մասին, նա վերադառնում է: «Ոչ մի բան չենք հիշում. երբ հայտարարություն կանի, կպատասխանենք»,- պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած տնտեսվարողն անհայտ անձանց կողմից հանրապետության տարածքում խոչընդոտների է բախվել, որից հետո քաղաքացու ահազանգի հետքերով գնացած օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ տնտեսվարողը ստացել էր աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ բիզնեսին խոչընդոտողին բացահայտելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»: Դե ինչ, սպասենք, տեսնենք:
Երեկ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց նաեւ կառավարության ծրագրի կազման ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ չհանդիպելու մասին: Կարեն Կարապետյանն անկեղծորեն խոստովանեց, որ որեւէ միտում չի եղել, պարզապես հանդիպումը չի ստացվել: Նա տեղեկացրեց. «Մինչ ծրագիր ներկայացնելը, ես հանդիպել եմ 10 վարչապետների հետ՝ ներառյալ ինձ»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ են եղել Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը: Թե նշվածներից ով ինչ խորհուրդ է տվել Կարապետյանին, այլեւս հնարավոր չեղավ պարզել: Նկատենք, որ թվարկվածները 11-ն են, նշանակում է՝ նրանցից 2-ի հետ Կարապետյանը, այնուամենայնիվ, չի հանդիպել:
«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»: Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որեւէ հայ, որը դիմում կգրի եւ կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միեւնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի:
ՊԱՏԸ ԷԼԻ ԿՄՆԱ ՊԱՏ
Սեպտեմբերի 21-ին «Արդարություն Հայաստանում» անվամբ ստորագրահավաք նախաձեռնած հայտնի սփյուռքահայ արվեստագետները՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը, երեկ հայտարարեցին, որ պատրաստվում են սփյուռքում համախոհների խմբեր ձեւավորել, որոնք 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կգան Հայաստան եւ որպես դիտորդներ կմասնակցեն ընտրությունների վերահսկողության գործընթացին:
Արդյոք Սփյուռքը պետք է ունենա մասնակցություն Հայաստանի քաղաքական կյանքում: Անկախության հռչակման առաջին իսկ օրվանից, իսկ գուցե եւ դրանից էլ առաջ առկա այս հարցի պատասխանը մինչ օրս էլ հստակ չի ձեւակերպվում ՀՀ իշխանության կողմից: Եթե Տեր-Պետրոսյանն ամեն կերպ փորձում էր իր իսկ ձեւակերպմամբ՝ «նարինջ ուտողներին» հեռու պահել ՀՀ ներքաղաքական կյանքից, ապա Ռոբերտ Քոչարյանը տեսանելի հարթությունում կարծես թե փորձում էր բացել ներքաղաքական դարպասները Սփյուռքի առջեւ՝ հնարավորություն տալով Հայաստանում ամրապնդվել եւ ընդլայնվել ինչպես ավանդական կուսակցություններին, այնպես էլ սփյուռքյան ազդեցիկ կազմակերպություններին: Սակայն, բնականաբար, այդ ամենն արվում էր չափի մեջ, եւ մինչ Սփյուռքում մտածում էին, որ իրենք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանական համկարգի վրա, տարիների ընթացքում կամաց-կամաց տեղի էր ունենում հակառակը: Եվ արդեն այսօր՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փուլում, այնպիսի մի իրավիճակ է, երբ սփյուռքյան հեղինակավոր կառույցներն ու ավանդական ուժերը բացառիկ լոյալություն են ցուցաբերում ՀՀ իշխանությունների հանդեպ՝ մշտապես աչք փակելով երկրում առկա ապօրինությունների վրա:Դա, բնականաբար արդարացվում է ղարաբաղյան հիմնախնդրով եւ դրա հետ կապված պսեւդոհայրենասիրական զեղումներով:
Սակայն այս ամռանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո կարծես թե բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունները փոփոխության կարիք ունեն: Եվ լոյալ թեւը՝ ի դեմս Գլոբալ հայերի, հայտարարեց երկիրը շենացնելու, իսկ ահա ընդդիմադիր հատվածը՝ ՀՀ իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում բանեցնելու մտադրության մասին:
Սակայն իրականում թե՛ մեկը եւ թե՛ մյուսը մեծ հաշվով ձախողվելու են, քանի որ ինչ էլ անեն, ի վերջո, դեմ են առնելու Հայաստանի՝ արմատապես կոռումպացված համակարգին, որը մի կողմից կլանելու է լոյալ «գլոբալների» ներդրումներն ու երկրի հնարավոր տնտեսական առաջընթացի հնարավարությունները, մյուս կողմից էլ ավելի դեգրադացնելով քաղաքական դաշտը՝ զրոյացնելու է ընդդիմադիր սփյուռքահայերի ջանքերի ՕԳԳ-ն, քանի որ ստացվելու է, որ Արսինե Խանջյանը կամ Սերժ Թանկյանը իրենց դիտորդական շարժմամբ գալու են իշխող ՀՀԿ-ի ընտրակեղծարարներից պաշտպանելու ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ձայները: