Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխին, կարծես, սեւ ամպեր են կուտակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 2-ին հայտնել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Վերջինիս անունը, ինչպես արդեն ներկայացրել ենք, տարիներ առաջ շոշափվել է նաեւ կոռուպցիոն գործարքներում: Նա թեեւ որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, դատապարտյալը, ումից հիմնարկի անձնակազմը գումար էր վերցրել, հաղորդում է տվել նաեւ Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով եւս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է: Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է:
Նախկին ոստիկանապետը եւս իր ժամանակին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել:
Եվ ահա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաեւ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:
Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչիկը, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում թույլատրել է կազմակերպել քաղաքացիներ Ալլայի, Լուիզայի եւ Դիաննայի տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դրանից հետո Խաչիկը իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը Խաչիկ Խաչատրյանի մասին է, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է «Էրեբունի» ՔԿ հիմնարկում: Նա կատարել է արդեն կալանքի տակ գտնվող Կարապետ Մկրտչյանի հրահանգները: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ երեւույթին, Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում չի կայացվի:
Նախկին շատ դատապարտյալներ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում բացատրեցին, որ անազատության մեջ գտնվող այն անձինք, որոնց համար սահմանված տեսակցությունները սպառվում են, գումարի դիմաց ՔԿ հիմնարկի ղեկավարության համաձայնությամբ մեկ այլ դատապարտյալի կամ կալանավորի անունից, որոնք, որպես կանոն, այցելողներ չեն ունենում, տեսակցության դիմում են ներկայացնում: Այսպիսով՝ այն դատապարտյալը, որն այլեւս ամսվա կտրվածքով տեսակցություն ունենալու հնարավորությունից զրկված է լինում, կարողանում է դրանից օգտվել այլ դատապարտյալի դիմումի շնորհիվ:
Եվ, ըստ երեւույթին, այս ձեւաչափից են օգտվել նաեւ այն դատապարտյալները, որոնց ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձինք մարմնավաճառներ են մատակարարել: Եվ այստեղ ինչ-որ բանում սույն պաշտոնյաները թերացել են: Թերեւս, դրա պատճառներից մեկն էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանգամանքն է:
Եվ չի բացառվում, որ առաջիկայում այլ անուններ եւս հայտնվեն այս ցուցակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալներից ստացված հասույթից շատերն են օգտվում: Արդյո՞ք այս ամենի մասին չի իմացել ԴՀ պետ Արսեն Աֆրիկյանը, եւ արդյո՞ք վերջինիս թողտվությամբ չի նման ապօրինի գործունեություն ծավալվում ՔԿՀ-ում: Այս հարցերի պատասխաններն Աֆրիկյանից ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Ի դեպ, անկառավարելի վիճակ է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել եւ սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել: Դեպքից հետո դատապարտյալը կարցեր է տեղափոխվել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նա Համալիրի մոտակայքում ծաղկի խանութ ունի:
Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Կիզակետում եղել է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել: «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս անձամբ այցելել է ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մեզ չհաջողվեց պարզել՝ ինչ է բացահայտել ՔԿՎ պետը, սակայն դեռեւս չհաստատված տեղեկություններ կան, որ բազմաթիվ նկատողություններ են եղել: Ավելին՝ նշանակվել է ծառայողական քննություն:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ վստահեցրին, թե նման բան չկա, այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ Օսիկյանը զայրացել է եւ արգելել է հիմնարկի դատապարտյալներին թույլատրել մի մասնաշենքից մյուսը տեղափոխվել: Ըստ երեւույթին, տեղի ունեցածի կիզակետում տարբեր մասնաշենքերում պատիժ կրող անձինք են եղել: Հիմնարկում խոսվում է նաեւ այն մասին, որ դեպքի օրը հերթափոխի պետը եղել է Սմբատ Անթանեսյանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԸՆԴԴԵՄ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Նման հայտարարությամբ նոյեմբերի 21-ին հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:
«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Հայտնի ճշմարտություն է, որ բանանի ներկրման մենաշնորհը տարիներ ի վեր պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որի հետ առնչվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը:
Եւ այսպես՝ իրավական ի՞նչ հետեւանքներ է առաջացրել այս առերեւույթ հանցանք պարունակող գործնթացը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ի վերջո, ով է խոչընդոտել հայ գործարարին՝ բանան ներկրել Հայաստան:
Ի պատասխան մեր հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»:
Ըստ երեւույթին, կատարվածին առաջիկայում իրավական գնահատական կտրվի, անձը, ով դիմել է ՊԵԿ, կկանչվի հարցաքննության: Չի բացառվում նաեւ, որ հեռախոսազանգեր վերծանվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գուցե տնտեսվարողը ինչ-որ խոչընդոտի բախվելու պահին հեռախոսազանգեր է կատարել, եւ նոր հանգամանքներ ջրի երես դուրս գան: Թե դրանք ինչ բնույթ կունենան, վաղ է ասել, սակայն հանուն արդարության պետք է փաստել, որ, ամենայն հավանականության, դրանք հանրությանն անհայտ կմնան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչ է ներկայացրել ՊԵԿ-ը դատախազությանը: ՊԵԿ լրատվական բաժնից խոստացան մեր գրավոր հարցմանը պատասխանել այսօր:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ՀՀ վերաքննիչ դատարանը նախօրեին հետաձգել է Պերմյակովի գործով նիստը: Վերաքննիչ դատարանը Պերմյակովի գործով երկու բողոք է լսում։ Մեկով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել, եւ հարազատները կասկածներ ունեն, որ զինծառայողը միայնակ չի գործել։ Երկրորդով Ավետիսյանների մյուս իրավահաջորդները վերաքննիչից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել է Ռուսաստանի Դաշնությունից ոչ նյութական վնասի փոխահատուցման՝ 450 հազար եվրոյի պահանջը։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրական գործընթացները լուսաբանող Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

ԲԺԻՇԿՆԵ՞ՐՆ ԵՆ ՍՊԱՆԵԼ
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ բժշկական օգնություն ստանալուց հետո հիվանդի մահանալու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2016թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ. Գրիգորյանին։ Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետեւանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը եւ մահացել:




Լրահոս