Տարոն Մարգարյանը հանձնարարել է հրապարակել աշխատակազմի վերահսկողության և իրավաբանական վարչությունների պետերի բջջային հեռախոսահամարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակչությանը հուզող հարցերին և խնդիրներին արագ արձագանքելու նպատակով հանձնարարել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներից բացի, հանրության համար հասանելի դարձնել նաև աշխատակազմի վերահսկողության և իրավաբանական վարչությունների պետերի բջջայինների հեռախոսահամարները:

«Քաղաքացիների հետ իմ պարբերական հանդիպումների ժամանակ, թեև նրանց կողմից նշվում է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» աշխատանքն իսկապես արդյունավետ է, սակայն նաև նշվում է, որ երբեմն ավելի օպերատիվ արձագանքի և միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Եվ եթե կա նման անհրաժեշտություն, ուրեմն պետք է նաև որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ըստ այդմ, հրապարակեք վերահսկողության և իրավաբանական վարչությունների պետերի բջջային հեռախոսահամարները, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում նաև այդ հեռախոսահամարներով ներկայացնելու իրենց ահազանգերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:
Աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի բջջայինի հեռախոսահամարն է 098 -55-22-33:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս