ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է. ՊԱՐՏԱԴԻՐԸ՝ ԿԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ 102 կողմ, 3 դեմ ձայներով ընդունվեց: Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագծով 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով:

Ազգ-բանակ գաղափարախոսությունը կրող այս նախագիծը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն օրենսդիրների, այլեւ հանրության շրջանում: Իշխանության նկատմամբ ձեւավորված անվստահությունը պատճառ դարձավ, որ մարդիկ կասկածանքով վերաբերվեն նաեւ օրենսդրական այս նախաձեռնությանը: Այնուամենայնիվ, չնայած բուռն քննարկումներին եւ քննադատություններին, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «1000 դրամների» նախագիծը: Սակայն ընդունումից հետո էլ դժգոհությունները շարունակվեցին:
Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ քննարկվում է «1000 դրամների» հիմնադրամում ոչ թե պարտադիր, այլ կամավոր հատկացումներ անելու հարցը: «Հնարավոր է՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ օրինագծում նման փոփոխություններ լինեն»,- ասել էր Բաղդասարյանը: Ու երբ ArmLur.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, նա հայտնել էր, որ այս փուլում չի կարող հստակ մեկնաբանել. «Ցանկացած նորության դեպքում հանրությունը պաշտոնապես կտեղեկացվի»,- ասել էր Հովհաննիսյանը: Ըստ էության ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր այդ տեղեկությունը:
Մինչ հանրությանը պաշտոնապես կտեղեկացնեն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ աշխատում են օրենքի այդ նախագծի վրա, որպեսզի երկրորդ ընթերցմանը ներկայացնելու ժամանակ «1000 դրամների» նախագծի պարտադիր բաղադրիչը հանվի, դառնա կամավոր: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկություն չի ունենա ամեն ամիս վճարել 1000 դրամ, կարող է դիմում գրել եւ հրաժարվել դրանից: Իշխանությունները, իհարկե, հույս ունեն, որ թեեւ իրենք սա կդարձնեն կամավոր սկզբունքով, այնուամենայնիվ, հասարակությունը չի հրաժարվի 1000 դրամ վճարելուց, եւ երկու խնդիր միաժամանակ կլուծվի: Եւ ՀՀ նախագահի նստավայրից արդեն ԱԺ պատգամավորներին «նրբորեն» բացատրել են, թե ինչ փոփոխություններ են սպասվում, եւ պետք է գովերգել ընդառաջ գնալու այդ քայլը:
«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ, իհարկե, փորձեց պարզաբանումներ լսել նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Ի պատասխան մեր հարցման` Շարմազանովը նշեց. «Օրենքով տենց բան չենք ընդունել, օրենքով պարտադիր է այս պահին, առաջին ընթերցմամբ ընդունել ենք այն տեսքով, որ կա այս պահին, որ ներկայացրել է պաշտպանության նախարարը, այսինքն՝ պարտադիր: Երկրորդ ընթերցմամբ կքննարկենք: Ես տեղյակ եմ ՊՆ-ի դիրքորոշման մասին, որը պարոն նախարարը հայտնել է ՀՀԿ համագումարից անմիջապես հետո, մենք միասին ասուլիս էինք տալիս, ես ներկա եմ եղել, պարոն Վիգեն Սարգսյանը նշել է, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, այս օրենսդրական նախաձեռնության մեխն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման ներդնի այս գործի համար»:
Այսպիսով՝ չնայած պաշտոնական հերքումներին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը եղել է իր երբեմնի հարազատ նախագահական նստավայրում եւ տեղեկացվել, որ իր դիրքորոշումը պետք է փոխի, որովհետեւ չեն կարողանալու հասարակության ընդվզման դեմն առնել եւ հատկապես ապրիլյան ընտրություններից առաջ նման իրավիճակը ձեռնտու չէ իշխանություններին:
Ինչպես ասում են՝ պարտությունը միշտ որբ է: Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 8-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին էր ներկայացրել իր այս մտադրությունը, այդ հանդիպման վերաբերյալ նախագահականից պաշտոնական հաղորդագրություն տարածեցին. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումը, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին»: Բայց երբ ընդվզում առաջացավ, Սերժ Սարգսյանի խոսքերը չեն հիշվում, Վիգեն Սարգսյանն է մնացել թիրախում:
Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվելու դեպքում կարող ենք արձանագրել, որ Վիգեն Սարգսյանն առաջին «պարտիան» պարտվեց: Այն թիմը, որը պետք է օգներ նրան՝ հաղթանակած դուրս գալու համար, «դավաճանեց»: Ու հիմա, չնայած իր պնդումներին, Վիգեն Սարգսյանը ստիպված է գնալ զիջումների:
Նկատենք, որ այսպիսի վերջաբանը արդյունք էր նաեւ այն իրողության, որ Վիգեն Սարգսյանը նախապես, թեկուզ արագացված ընթացակարգով, գոնե 1 շաբաթ ամենօրյա ռեժիմով հանրային քննարկումներ չկազմակերպեց՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այլ շտապեց իր մտորումներով դեպի Սերժ Սարգսյան: Ու, թեեւ այդժամ ստացավ իր հովանավորի «դաբրոն», այնուամենայնիվ, վերջում հայտնվեց «կոտրած տաշտակի առջեւ»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՀԱՅՐԱՍՊԱՆՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԷՐ
2016թ. oգոստոսի 4-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ շտապօգնության ծառայության բժիշկները կանչով մեկնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ պարզվել է, որ վերջինիս հրազենով կրակել է որդին` 1991թ. ծնված Սարո Աբգարյանը, ով նախկինում հոր հետ կենցաղային հարցերի վերաբերյալ լարված հարաբերություններ է ունեցել: Ս. Աբգարյանը բերման է ենթարկվել: Սպանության հոդվածով հարուցված քրգործի քննությունը կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Ս. Աբգարյանի նկատմամբ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա մեղսունա՞կ է, թե՞ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար էր, Ս. Աբգարյանը գտնվում էր «Նորք» հոգեբուժական կենտրոնում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Ս. Աբգարյանը ճանաչվել է անմեղսունակ, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կկիրառվի:

 

 

ԽՈՊԱՆԻ ԴԺՎԱՐ ՃԱՄՓԱՆ
Տավուշի մարզի շատ բնակիչներ աշխատելու կամ այլ նպատակով Ռուսաստան մեկնելիս ցանկանում են համոզվել՝ արդյոք այդ երկիր իրենց մուտքն ինչ-որ պատճառներով արգելված է: Նրանք ցանկանում են դա նախապես իմանալ, որպեսզի վրաց-ռուսական ցամաքային Վերին Լարս անցակետից իրենց ետ չուղարկեն: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն արդեն մեկ տարի բնակիչներին այդ հարցով օգնում է: Վարչության առաջատար մասնագետ Խանում Մարգարյանն ասաց, որ իրենք ՌԴ-ի դաշնային միգրացիոն ծառայության ինտերնետային կայքում ստուգում են՝ այդ ծառայությունն արգելափակե՞լ է տվյալ քաղաքացու մուտքը ՌԴ, թե՞ ոչ: Խ. Մարգարյանի խոսքերով՝ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքում մուտքի արգելքի բացակայությունը դեռ երաշխիք չէ, որ քաղաքացին ազատ կարող է ՌԴ մուտք գործել: Հնարավոր է, որ ՀՀ-ի քաղաքացու մուտքն արգելվի ՌԴ այլ ծառայության, օրինակ, ոստիկանության պահանջով, եթե տվյալ քաղաքացին ՌԴ տարածքում նախկինում ինչ-որ իրավախախտում է կատարել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՉԵՆ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ
Երեւանի բնակիչ, 1960թ. ծնված Աշոտ Եղյանը 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուրի Մաֆլար հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ, հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում դրսեւորել է անզգուշություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 մեղվաընտանիք, 15 հատ փեթակ՝ նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 մլ 542 հազ 450 դրամի նյութական վնաս:
Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել): Այդ քրգործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգնվել է: Դատարանն անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին՝ համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ: Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը, ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հզ. դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Ա. Եղյանի վերաբերյալ դատավճիռը, նրան դատապարտել 186 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել ծանր պատժատեսակով եւ առավելագույն պատժաչափով: 2016թ. մարտի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրգործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ներկայումս այդ քրգործը քննվում է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի կողմից, դատական հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 6-ին:
Հրդեհից տուժած գյուղացիները վճռական են տրամադրված: Նրանցից Վազգեն Մանուչարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը… 5 անգամ երկրի նախագահի նստավայր ենք գնացել, 4 անգամ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: 2015 hունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս