ՆԵՐԿՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՐԵՋՈՒՐԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գործունեությունը վտանգված է: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին տարբեր երկրներից եւ տարբեր տեսակի մեծ քանակությամբ գարեջուր է ներկրվում Հայաստան, որը հաճախ ավելի էժան է լինում, եւ դրա արդյունքում տեղական գարեջրի իրացման ծավալները նվազում են:

Հայաստան ներկրվող գարեջրի հետ կապված «Ժողովուրդ»-ը դժգոհություններ է ստացել նաեւ «Գյումրի գարեջուր» եւ «Երեւանի գարեջուր» ընկերությունների կողմից, որոնք պնդում են, որ ներկրվող էժան գարեջրի պատճառով իրենց արտադրանքը չի վաճառվում:
Պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականի համեմատ 2016 թվականին գարեջրի ներկրման ծավալները հնգակի աճել են: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ հիմնականում ՀՀ գարեջուր ներկրողներն են «Պրեմիեր ֆուդս», «Ադամիում», «Սարգիս Կարոլինա», «Վար-Նար» եւ «Քեթրին գրուպ» ընկերությունները: Նշված ընկերությունները գարեջուր ներկրում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Մեքսիկայից, Չեխիայից: Իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին նշված երկրներից ներկրվել է 3 մլն 52 հազար լիտր գարեջուր: Հայտնի է, որ «Քեթրին գրուպ»-ը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանի ընտանիքին: Այսպիսով՝ պարզվում է, որ այս ընկերությունը, բացի բանանից եւ ցիտրուսային մրգերից, նաեւ գարեջուր է ներկրում: Իսկ ահա «Սարգիս Կարոլինա» ընկերությունը ՀՀ է ներկրում «Heineken» գարեջուրը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն այս տարվա հունվար, հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 11.1 տոկոսով նվազել են: Այսինքն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 16 մլն 941 հազար 900 լիտր գարեջուր, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված գարեջրի քանակը կազմել է 19 մլն 59 հազար 700 լիտր:
Օրինակ՝ անցած տարվա հունվար, հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները 13.7 տոկոսով նվազել են: Մինչդեռ 2014 թվականի տասը ամիսներին գարեջրի արտադրության ծավալները ոչ թե նվազել են, այլ 30.2 տոկոսով ավելացել: Արտադրության ծավալների նվազման հետեւանքով գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պակասեցրել են նաեւ պետբյուջե վճարվող հարկերը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գյումրի գարեջուր» եւ «Երեւանի գարեջուր» ընկերությունները նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Օրինակ՝ «Գյումրի գարեջուր» ընկերության կողմից այս տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 150 մլն 913 հազար դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 1 մլրդ 159 մլն 513 հազար 400 դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա «Երեւան գարեջուր» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է 1 մլրդ 758 մլն 970 հազար 100 դրամ, բայց անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերը կազմել են 1 մլրդ 895 մլն 917 հազար 600 դրամ:
Մասնագետների համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի միակ «մեղավորն» է ռուսական շուկայի անկայունությունը, ինչի արդյունքում տեղական գարեջրի արտահանումը 2015 թվականից սկսած նվազել է: Բացի այս՝ իր վատ ազդեցությունը թողեց նաեւ ակցիզային հարկի տարբերությունը. ՌԴ-ում այն կազմում է 20 ռուբլի 1 լիտրի դիմաց, ՀՀ-ում՝ 105 դրամ, ինչի հետեւանքով Ռուսաստան արտահանողները հարկվում են ավելի շատ, քան Հայաստան ներմուծողները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՃՈ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ ՈՒՆԵ՞Ն

«Ժողովուրդին» դիմած ՀՀ քաղաքացին բողոքում է ճանապարհային ոստիկանության գործելաոճից եւ առաջարկում համակարգի բարեփոխման տարբերակներ:

«2016թ. սեպտեմբերի սկզբին իմ աղջիկը՝ Նարինե Էդուարդի Շատվորյանը, ստանում է ճանապարհային ոստիկանության 2016թ. օգոստոսի 29-ի N-1604979655 որոշումը այն մասին, որ նա օգոստոսի 9-ին՝ ժամը 13:28-ին, Մաշտոցի/Պուշկինի խաչմերուկում խախտել է ՀՀ կառավարության 2007թ. 955-Ն որոշմամբ սահմանված է 1.3 գծանշման պահանջը եւ տուգանվում է 10.000 դրամով: Ես նայելով եւ ուսումնասիրելով որոշման տեսագրությունը՝ համոզվեցի, որ իմ աղջկա կողմից խախտում չի կատարվել, եւ հարկ համարեցի գնալ ճանապարհային ոստիկանություն՝ խնդրանքով՝ ցույց տալ ի՞նչ խախտում է կատարվել: Այն տեսուչը, որը կրում էր ոստիկանության ավագ լեյտենանտի ուսադիրներ, նայեց տեսագրությունը եւ հայտնեց, որ թույլ է տրված սխալ, իսկ իմ աղջիկը խախտում չի կատարել: Բնականաբար ես խնդրեցի անվավեր ճանաչել իրենց որոշումը: Ավագ լեյտենանտը ինձ ասաց, որ հարցը քննարկելու համար պետք է գրվի դիմում՝ որոշումն անվավեր ճանաչելու խնդրանքով: Նա նշեց, որ դիմումը մեկ ամսվա ընթացքում կքննարկվի եւ անվավեր ճանաչման մասին որոշումը կուղարկվի ինձ: Դիմումը գրվեց եւ սեպտեմբերի 9-ին հանձնվեց քարտուղարությանը: Երկար սպասելուց եւ պատասխան չստանալուց հետո ես ստիպված 40 օր անց՝ հոկտեմբերի 19-ին եղա ոստիկանությունում՝ պարզելու՝ ինչու մինչեւ հիմա չկա դիմումի պատասխանը: Մոտ 10 րոպե սպասելուց հետո ինձ առաջարկեցին բարձրանալ 3-րդ հարկ՝ համապատասխան բաժին: Այստեղ, սակայն, ոստիկանության մայորի ուսադիրներով պաշտոնյան ինձ չոր ձեւով պատասխանեց, որ ես չունեմ լիազորագիր, եւ, հետեւաբար, ինքը իրավունք չունի ինձ հանձնելու ընդունված որոշումը:
Այսպիսի վերաբերմունքով է բացատրվում, որ նման անհիմն տուգանքները բազմաթիվ են, իսկ քաղաքացիները չեն դիմում, որովհետեւ չեն ցանկանում գործ ունենալ ոստիկանության հետ: Անպատժելիությունը, հսկողության բացակայությունը, անպատասխանատվությունը, ինչպես նաեւ պլանային առաջադրանքի գերկատարման ցանկությունը տեսուչների մոտ առաջացրել է մասնագիտական նոր հիվանդություն, որը պայմանականորեն կարելի է անվանել «տուգանման մոլուցք»: Վիճակը բարելավելու համար առաջարկում եմ՝
1. Հաշվի առնելով որ ՃՈ-ում տեղադրված են խախտումը ֆիքսող ժամանակակից սարքավորումներ, տեսուչների թվաքանակը կրճատել մոտ 50 %-ով:
2. Խախտում թույլ տված մեքենա վարող քաղաքացուն ոչ թե տուգանել, այլ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ պահել 15 օրից մինչեւ 1,2,3 եւ ավելի ամիս /կախված խախտումից/՝ վարորդից յուրաքանչյուր օրվա համար գանձելով 100-200 դրամ: Այդ միջոցառումը հնարավորություն կտա զգալի չափով նվազեցնել երթուղի դուրս եկած մեքենաների քանակը, որը իր հերթին կնվազեցնի հնարավոր խցանումների, խախտումների առաջացումը:
Սովետական բանակի բժշկական
ծառայության պաշտոնաթող գնդապետ,
բանակի եւ աշխատանքի վետերան՝
Էդուարդ Շատվորյան»:




Լրահոս