ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

«Ժողովուրդ» օրաթերթը Կառավարության նիստերի դահլիճում նկատեց, որ Վաչե Գաբրիելյանի աթոռի դիմաց գրված է «Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար»: Մինչդեռ 2014թ. նոյեմբերի 28-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, եւ փոխվարչապետ: Կառավարությունում այս մանրուքը չի նկատվել արդեն 2 տարի:

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս ցանկանում է երեխա որդեգրել: Նա բնակվում է ՀՀ-ում: Ցանկանում է իմանալ, թե որքա՞ն է կազմում որդեգրման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը, եւ ի՞նչ ժամկետում է կատարվում այդ գործընթացը:

Ալինա Հովհաննիսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին՝ ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կան արդյո՞ք այլ նշումներ՝ որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետո, մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:
ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում:
Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 30.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրում թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ՝ ելնելով նրանց շահերից, հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ ԱՁ, որը գրանցված է իմ անունով: Ունեմ հաշմանդամության 2-րդ կարգ: Հիմա ուզում եմ իմանալ՝ որպես հաշմանդամություն ունեցող անհատ ձեռներեց՝ որեւէ արտոնությունից կարո՞ղ եմ օգտվել: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ արտոնության մասին է խոսքը:

Մինաս Անանյան (52 տարեկան, տնօրեն, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի՝
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բոլոր կարգի գործատուների մոտ զբաղված հաշմանդամների համար վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ստեղծվում են աշխատանքի անհրաժեշտ պայմաններ: Ի դեպ, հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:




Լրահոս