ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովին, որի ժամանակ գիտնականները և ոլորտի մասնագետները ներկայացրել են հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական ռազմավարության հիմնական ուղղություններին, օրենսդրությանը, ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները:
Իր ողջույնի խոսքում Արծվիկ Մինասյանը, նշելով, որ աշխատաժողովում ընտրված թեման արդիական է, ոչ միայն Հայաստանում և տարածաշրջանում, այլ նաև միջազգային զարգացումներում, առանձնացրել է երկու սկզբունքային հարցադրում: Առաջին` երկու ոլորտն էլ երկրի` հատկապես տնտեսական զարգացման գործընթացում ունեն էական դերակատարություն: Մյուս կողմից` վերոհիշյալ երկու ոլորտն էլ այն հստակ ուղղություններն են, որտեղ ակնհայտ է էկոլոգիական քաղաքականության նպատակային և հետևողական իրականացման կարևորությունը: Այս առումով բնապահպանության նախարարը կարևորել է որոշումների կայացման գործընթացում հավասարակշռված, ապագա սերունդների առաջ պատասխանատվությամբ, երկրի կայուն զարգացման սկզբունքն առաջ մղելու մոտեցումնեը: Բնապահպանական խնդիրների լուծման աշխատանքներում Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ոչ միայն միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այլ նաև գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը:
«Հնարավոր չէ ունենալ լավագույն լուծում, եթե բոլոր շահագրգիռ կողմերը, հետաքրքրված մարդիկ, կազմակերպությունները, ովքեր ունեն ասելիք և ունեն մոտեցումներ` չներգրավվեն այսպիսի քննարկումներում»,- շեշտել է բնապահպանության նախարարը:
Արծվիկ Մինասյանն աշխատաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում նախապատրաստում է իր թեկնածության դիմումը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացման համար, որի ներքո կպահանջվի հրապարակել տեղեկություններ երկրի արդյունահանող ճյուղերի ունեցած եկամուտների վերաբերյալ և կընթանան եռակողմ քննարկումներ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև՝ թափանցիկությունն առավել խորացնելու նպատակով:
Նկատելով, որ հանքարդյունաբերության ոլորտում վերջին շրջանում ընդունվել են մի շարք օրենքներ, իսկ ենթաօրենսդրական ակտերը պետք է մշակվեն 2017թ-ի ընթացքում` նախարարն այս փուլում կարևորել է գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, որպեսզի ընդունվեն լիարժեք փաստաթղթեր, որոնք ոչ թե կմնան թղթի վրա, այլ առարկայական արդյունքներ կտան:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին, նախարարը նշել է, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում ունենալ Հայաստանի բոլոր 6 ջրավազանների կառավարման պլանները, /2-ն արդեն պատրաստ են/, որից հետո կլինի միասնական մոտեցում երկրում ջրավազանային կառավարման համակարգի վերաբերյալ: «Ջրային ոլորտում Բնապահպանության նախարարության համար սկզբունքային հարցադրումը չի սահմանափակվում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարմամբ, այլ նաև Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության խախտման, Արարատյան հարթավայրի արտեզյան ջրավազանում ջրի պաշարների ոչ լիարժեք պահպանման, լեռնահանքային արդյունաբերության գործունեությամբ մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների աղտոտման, ՓՀԷԿ-երի ինտենսիվ զարգացման արդյունքում գետային էկոհամակարգերի խաթարման և այլ խնդիրների լուծմամբ: Այս խնդիրների հետ կապված՝ նշեմ, որ այստեղ նույնպես կատարվել են և կատարվում են քայլեր, բայց դեռ միասին համակարգված անելիքներ ունենք և պատահական չէ, որ նախարարությունը, որպես շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման համար թիվ մեկ պետական պատասխանատու գերատեսչություն` ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կարողանանք համակարգված աշխատել դրանք մեղմելու համար»,- ասել է բնապահպանության նախարարը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը կարևորել է ոլորտում իրականացված գիտական ուսումնասիրությունները և դրանք պետական քաղաքականության մեջ օգտագործելու անհրաժեշտությունը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հայտնել է, որ աշխատաժողովի ժամանակ կներկայացվեն հանքային և ջրային ոլորտների վերաբերյալ գիտնականների իրականցրած ուսումնասիրությունների արդյունքները, որոնցում առկա են եվրոպական լաբորատորիաներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և համոզմունք հայտնել, որ դրանք կօգտագործվեն հետագա գործընթացներում:
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են նաև կանաչ տնտեսության էկոլոգիական քաղաքականության խնդիրները, ինչպես նաև Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների արտացոլումը ոլորտի օրենսդրության մեջ: