ԱԱԾ աշխատակիցը հանիրավի մեղադրվել է կեղծիք կատարելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Հեղինե Շարբաթյանը հաղորդմամբ հայտնել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակից Վահե Ծատուրյանն առանց իր իմացության, իր անվամբ կազմել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաղորդում ու բացատրություն տալու մասին կեղծ արձանագրություններ այն մասին, թե, իբր, Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակից Արմինե Գրիգորյանն ընտանեկան նպաստ նշանակելիս, փաստաթղթերի ձևակերպման համար իրենից պահանջել և ստացել է 60.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պատշաճ ընթացակարգով ստուգվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Հ. Շարբաթյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Համաձայն նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության՝ Հ. Շարբաթյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:

Այս կերպ Հեղինե Շարբաթյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակից Վահե Ծատուրյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ ԿԱ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակից Վահե Ծատուրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Հեղինե Շարբաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս