Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, երևանյան մի շարք թանգարանների և համալսարանների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Էրեբունի արգելոց թանգարանի վերջին տարիների հնագիտական պեղումներն ու ձեռքբերումները և այն ավանդը, որն ունեցել է Բորիս Պյոտրովսկին:

Էրմիտաժի գլխավոր տնօրենը ներկայացնելով Էրմիտաժում Հայաստանի և առանձին Էրեբունի-Երևանի պատմությունը ներկայացնող ցուցասրահներում պահպանվող բացառիկ նմուշները՝ ընդգծել է հայկական մշակութային արժեքների կարևոր դերը թանգարանի ժառանգության մեջ:

Խոսելով առաջիկա համագործակցության մասին՝ Միխայիլ Պիոտրովսկին նշել է, որ Երևան այցի շրջանակում նախատեսվում են գործանական հանդիպումներ, որոնց արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ կազմակերպելու ուղղությամբ:




Լրահոս