Վահան Մարտիրոսյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին այցելեց «Սինոփսիս Արմենիա»` ծանոթանալու ընկերության աշխատանքային ու կրթական գործընթացներին:

Նախարարը ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջեց «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Այստեղ տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը, որտեղ ներկայում սովորում է 200 ուսանող:

«Ընդհանուր առմամբ, «Սինոփսիս Արմենիայում» սովորող ուսանողների թիվը 300 է, ծրագիրը ներառում է 2 տարի բակալավրի և 2 տարի մագիստրոսական կրթության հնարավորություն, որից հետո մեր ընկերությունը աշխատանք է առաջարկում լավագույններին: Սակայն շրջանավարտը ազատ է աշխատելու ցանկացած այլ ընկերությունում, որևէ պարտադրանք չկա»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:

Ուսանողները նախարարին պատմեցին վիրտուալ ստարտափերի գաղափարի մասին: Միտքը հետևյալն է` կուրսը բաժանվում է խմբերի, յուրաքանչյուրն առաջարկում է նորարարական գաղափար ու զբաղվում այդ գաղափարի իրագործմամբ: Այսինքն, ուսումնական գործընթացում ուսանողը ձեռք է բերում ստարտափ հիմնելու փորձառություն:

Նախարարը ընդգծեց, որ ՏՏ ոլորտի զարգացման լուրջ հեռանկարներ կան մեր երկրում, ու դրա ապացույցն է նաև «Սինոփսիս»-ի նման խոշոր միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը:

«Ապացույցը նաև այն ուսանողներն են, ում մենք այսօր տեսանք, ովքեր ձգտում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև նորարարական նախագծեր մշակել և դրանք կյանքի կոչել»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը շրջեց նաև ընկերության արտադրական կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

ՏՏ ոլորտում աշխատատեղերի համալրման գործում պետության դերակատարությունը Վահան Մարտիրոսյանը համարում է մասնավոր հատվածի համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելը: Այդ նպատակով ՏՀՏ ընկերությունների հետ ամենշաբաթյա հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:

Շրջայցից հետո նախարարը հանդիպեց նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներին: Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները: Խորհրդի անդամները ներկայացրին կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Միության անդամ ընկերությունների նախաձեռնությամբ հինգ ավագ դպրոցներում 2015 թվականին իրականացվել է պիլոտային ծրագիր. միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցության հիմունքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկաներ: 2016 թվականի սեպտեմբերից ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն 10 ավագ դպրոցներում:

Նախարարը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը, նշեց, որ այդ արդիականացումը պիտի շարունակվի նաև բուհերում, որպեսզի որակյալ կրթական գործընթացը չընդհատվի, և բուհն ավարտելուց հետո շրջանավարտն առանց դժվարության իր տեղը գտնի աշխատաշուկայում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

1212201634

1212201638

1212201636

1212201632




Լրահոս