Վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» 25% բաժնետոմսերի գնման հարցում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության հիմնական մրցակիցը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրել էր վրացական «Ռեզոնանսի» թերթը:
Հրապարակման համաձայն՝ վրացական կողմը դեմ է, որպեսզի «Գազպրոմ»-ը գնի գազամուղի բաժնետոմսերը, որով Ռուսաստանից Վրաստանի միջով գազ է մատակարարվում Հայաստանին:
Ընդ որում, վրացական թերթը նշել էր, որ 25% բաժնետոմսերի գնումը ոչ մի կերպ չի կարող սպառնալիք դառնալ դեպի Հայաստան գազի մատակարարումներին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
Վերջինս նշեց, որ վրացական կողմը իրավունք ունի այն վաճառի, իսկ դրա շուրջ մեր անհանգստությունը տեղին է:
«Դրա համար համապատասխան երաշխիքներ ու ռիսկեր կան, որ ոչ մեկ չի կարող հերքել: Դրանք ինչքանով տեղի չեն ունենա, իրականություն չեն դառնա, դրանից է կախված ՝ Վրաստանի հետ ինչ պայմանագիր իրենք կկնքեն, որի արդյունքում մենք մենակ այդ ռիսկերը մեղմացնելու ենք»:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե վրացիներն ինչ երաշխիքներ կտան, դրանից ելնելով շատ կարևոր է, թե մենք այդ երաշխիքները որքանով կընդունենք կամ չենք ընդունի. «Պատերազմող երկրներ ենք և չգիտեմ ինչքանով Վրաստանը պատասխանատվություն կվերցնի, որ ամենաանպատեհ առիթին` մեկ էլ մենք կզրկվենք գազամուղի օգտագործելու հնարավորութունից»:
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանը իսկապես այս մասով անհանգստանալու առիթ ունի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը պատրաստ է գնել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերը: «Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին և Վրաստանին:
Լիդա Եղիազարյան